Արմինֆո.Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի մոտ բողոքի ակցիա է ընթանում. շենքի մոտ հավաքվել են ֆիլհարմոնիայի սաներ և աշխատակիցներ: Ինչպես հայտարարել է երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Տիգրան Հեքեքյանը, վաղուց ակնհայտ էր, որ շենքն անմխիթար վիճակում է: Մանկական ֆիլհարմոնիայի ղեկավարությունը բազմիցս դիմել է քաղաքապետարան, սակայն արձագանք չի եղել:
Մինչդեռ, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ասում է, թե պաշտոնավարման առաջին իսկ օրվանից համայնքի «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը գտնվել է հոգածության ներքո, տնօրինության հետ քննարկվել է ժամանակավորապես երգչախմբի գործունեությունը Արամի 23-ի վթարային շինությունից տեղափոխելու հարցը:
Նրա հավաստմամբ, հունվարի 11-ի դրությամբ արդեն պայմանավորվածություն կար տարածքի ընտրության հարցում, փոխքաղաքապետի առաջարկով երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն ընտրել է «Փոքրիկ երգիչների» աշխատանքի համար հարմար պայմաններով տարածք, որի վարձակալության գումարը պարտավորվել է վճարել «Հին Երևան» նախագծի շրջանակներում տարածքն իրացնող կազմակերպությունը:
Ինչպես արդեն հաղորդել ենք, հունվարի 11-ին Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): «Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ փորձեր են ձեռնարկվում 18 դարում կառուցված այդ շենքի փրկության ուղղությամբ, որը գտնվում է պահպանվող հուշարձանների ռեեստրում: Մշակվել էր շենքի վերականգնման չորս տարբերակ, և ընտրվել էր դրանցից չորրորդը: Սակայն, քանի դեռ քննարկումներ էին ընթանում, շենքի պատը փլուզվեց: Շենքում պարապմունքներ էր անցկացնում համաշխարհային ճանաչում ունեցող «Հայաստանի փոքրիկ երգիչներ՚ մանկական երգչախումբը: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել էին երգչախմբի սաների ծնողները և դպրոցի աշխատակիցները, ամեն ինչ սկսվել է ճարտարապետական հուշարձանի անմիջական հարևանումթյամբ հերթական էլիտար շենքի շինարարությունցի: Շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառուները, մանկավարժների ասելով, խախտել են շինարարական բոլոր նորմերը, ինչի արդյունքում հին շենքի հիմքը սկսել է խարխլվել, իսկ պատերին գոյացել են խորը ճեղքեր: