Արմինֆո. 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը պետք է ապացուցի, որ Հայաստանի իշխանության գագաթին իր հայտնվելը պատահականություն չէ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«Նախորդ տարվա դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Փաշինյանի ձեռք բերած բարձր կարգավիճակն ու ինքնաբավության աստիճանն ի զորու են նրա համար ստեղծել ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ վտանգավոր գայթակղություններ: Հայաստանի վարչապետը պետք է դրսևորի պետական գործչի լրջություն և ապացուցի Հայաստանում արմատական, համակարգային բարեփոխումներ և վերափոխումներ իրագործելու սեփական ունակությունը: Հակառակ դեպքում` նրանից դժգոհությունը միայն կմեծանա՚, - համոզված է ռուսաստանցի վերլուծաբանը:
Նրա կարծիքով, Փաշինյանի առջև կանգնած ամենասուր խնդիրներից մեկը, որը պետք է լուծել, իրական և հասարակության համար ընկալելի տնտեսական ծրագրի մշակումն ու մեկնարկումն է: Ընդ որում, նա չի բացառում, որ կառավարման խորհրդարանական համակարգով պայմանավորված խնդիրների ավելացման դեպքում պետության ղեկավարը կարող է գնալ նաև ՀՀ սահմանադրության հերթական բարեփոխման, հատկապես, հաշվի առնելով հանգամանքը, որ Փաշինյանը այդ հնարավորության մասին արդեն հիշատակել է:
Վերլուծաբանը նաև կարևորում է Հայաստանի նոր իշխանության կողմից գրագետ արտաքին քաղաքականության կառուցումը, հատկապես, Հայաստանի` բազմամյա չլուծված հակամարտությունում գտնվելու պայմաններում: Բնավ պատահական չհամարելով ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության վերջին պաշտոնանկությունները` Մարկեդոնովը դրանք դիտարկում է Ստեփանակերտի նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն ստանալու Փաշինյանի ձգտման լույսի ներքո: Այդ հարցը նա համարում է Հայաստանի նոր իշխանությունների գերակայություններից մեկը:
Ընդ որում, Հայաստանի և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի շուրջ գոյություն ունեցող բոլոր ռիսկերը, Մարկեդոնովի գնահատմամբ, պահպանվում են: Այդ լույսի ներքո` ռուսաստանցի վերլուծաբանը, մասնավորապես, նշում է տարածաշրջանում ԱՄՆ էական աշխուժացումը, ինչը չափազանց կարևոր է Մերձավոր արևելքում սրվող լարվածության և Ռուսաստանի ու Իրանի հետ ԱՄՆ հարաբերությունների հետևողական վատթարացման ֆոնին: Իսկ կուտակվող լարվածության ելքի համար բավական շատ հակամարտություններ կան թե Հարավային Կովկասում, թե Մերձավոր արևելքում: Եվ Լեռնային Ղարաբաղի շփման գիծն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, ռուսաստանցի վերլուծաբանի կարծիքով, բացառություն չեն: