Արմինֆո. Բաքուն Հայաստանի իշխանություններին կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար` հաշվի առնելով երկրի ապագան:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, մասնավորապես, ասել է. «Փաշինյանի կողմից բազմիցս հնչեցված այն հայտարարությունը, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը հեռու է այն քան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղի իշխանությունները ներգրավված չեն բանակցային գործընթացում, վնասում է առկա ձևաչափի հիման վրա բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորմանը, ծառայում է ստատուս-քվոյի ամրապնդմանը և լարվածության ստեղծմանը: Հայաստանի գործող ղեկավարության անհիմն հայտարարություններն ընտրությունների նախաշեմին նախատեսված են, հիմնականում, ներքին լսարանի համար՚, - ասել է Աբդուլաևան, հավելելով, որ ստատուս-քվոյին առնչով իրավիճակն «անկայուն է և անընդունելի, ինչի մասին բազմիցս հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների նախագահները՚:
Նախօրեին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում թաքուն որոշումները բացառվում են: Նրա ասելով, կարգավորման գործընթացում վերջին խոսքը պետք է պատկանի Արցախի ժողովրդին, և հենց Արցախի Հանրապետությունը պետք է մասնակցի բանակցություններին, քանի որ Հայաստանի ոչ մի կառավարություն չի կարող հիմնախնդիրը լուծել` առանց Արցախի ժողովրդի մասնակցության: Քանի դեռ Արցախը ներգրավված չէ կարգավորման գործընթացում, հիմնախնդիրն իր լուծումը չի գտնի: «Ես իրավունք ունեմ բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության անունից, բայց` ոչ Արցախի ժողովրդի անունից, որը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացին՚, - նշել էր վարչապետի պաշտոնակատարը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ