Արմինֆո. ԱՄՆ Հարավային Կովկասը համարում է իր համար չափազանց կարևոր տարածաշրջան` ռազմավարական տեսանկյունից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը` «Ամերիկայի ձայնի՚ հետ հարցազրույցում:
Նա, մասնավորապես, հաղորդել է, թե Ադրբեջան այցի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկել է Իրանի նկատմամբ պատժամիոցները և դրանց ազդեցությունն Ադրբեջանի վրա:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստան այցի ընթացքում բարձրացվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, Բոլթոնը նշել է, որ այդ հարցը քննարկվել է, և իր նպատակներից մեկը հակամարտության կարգավորման նկատմամբ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներն ավելի լավ հասկանալն է: Նա նշել է, որ ԱՄՆ, որպես ԵԱՀԿ ՄԽ համախագահող երկիր, հատկապես կարևորում է այնպիսի արդյունքի հասնելը, որը բավարարեր երկու կողմերին` հաշվի առնելով տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը: Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ ցանկանում է, որպեսզի կողմերը գտնեն հակամարտության խաղաղ լուծում` ԵԱՀԿ ՄԽ շրջանակում:
Անդրադառնալով 907-րդ ուղղումը չեղարկելու հնարավորությանը` ԱՄՆ նախագահի խորհրդականը չի բացառել, որ Դոնալդ Թրամփը կարող է օգտագործել իր լիազորությունները` Ազատությանն աջակցության ակտի 907-րդ ուղղման գործողությունը կասեցնելու համար, որը սահմանափակում է ԱՄՆ պետական օգնությունն Ադրբեջանին: «Շատ դեպքերում տարբեր նախագահներ կասեցրել են այն դրույթի գործողությունը գնումներ իրակաանցնելու համար, և մենք մշտապես դիտարկում ենք այդ հնարավորությունը` որոշելու համար, թե արդյոք դա անհրաժեշտ է՚, - ամփոփել է Բոլթոնը:
Ազատությանն աջակցության ակտի 907-րդ ուղղումն ընդունվել է 1992 թվականին և արգելում է ԱՄՆ կառավարության գծով աջակցությունը Բաքվին` Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության առնչությամբ: Երկար տարիներ ադրբեջանական դիվանագիտությունը ձգտում է չեղարկել 907-րդ ուղղումը, սակայն առայժմ` ապարդյուն:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ