Արմինֆո. ՀՀԿ-ն հերքում ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերը, թե, իբր, կուսակցությունն արդեն դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել և, նույնիսկ, կազմել է իր համամասնական ցուցակը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, դա հերթականն ապատեղեկատվություն է: «Կուսակցությունն առայժմ ընտրություններին մասնակցության վերաբերյալ որոշում չի կայացրել` թեև ես բազմիցս արտահայտվել եմ մասնակցելու անհրաժեշտության օգտին: Իսկ, չունենալով ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում, մենք, իհրակե, չէինք կարող կազմել համամասնական ցուցակ, դա անհեթեթություն կլիներ: Այդպիսի հարցերը պետք է քննարկվեն և լուծվեն Գործադիր մարմնի և կուսակցության խորհրդի նիստերում` հաշվի առնելով մեր կուսակիցների կարծիքները՚, - ամփոփել է Շարմազանովը:
Հավելենք, որ այսօր ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, թե ՀՀԿ-ն, իբր, որոշում է կայացրել դեկտեմբերյան ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ և, անգամ, որոշել է իր համամասնական ցուցակի առաջին հնգյակը` ի դեմս պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի, ԱԺ փոխոսնակ Էդուարդ Շարմազանովի և կուսակցության փոխնախագահ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանի: ԶԼՄ-ները չեն բացառել այդ ցուցակում Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներառումը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ