Արմինֆո. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության անվտանգության ծառայությունը ձեռնարկում է ակտիվ միջոցներ ապահովագրական խարդախությունները կանխելու և բացահայտելու ուղղությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, 2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության դատարաններում կայացվել է ավտոապահովագրության ոլորտում խարդախության (այդ թվում՝ խոշոր չափերի) փաստերով մի քանի մեղադրական դատավճիռ: Հաճախ քրեական գործերը հարուցվում են, օգտագործելով ապահովագրական ընկերության կողմից ինքնուրույն կամ իրավապահ մարմինների հետ համատեղ հավաքագրված փաստերի հիման վրա:
Այդպիսով, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից ոստիկանությանը փոխանցված տվյալների հիման վրա հարուցվել է քրեական գործ քաղաքացի Բ.Տ.-ի դեմ, ով ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարելու արդյունքում դարձել է վթարի մեղավոր, ինչպես նաև իրեն օժանդակելու և ոչ սթափ վիճակում վարելու փաստը թաքցնելու նպատակով դեպքի վայրում հայտնված իր որդու և ընկերոջ դեմ, որոնք հերթով փորձել են ներկայանալ որպես վարորդ և վթարի մեղավոր: Իրավապահ մարմինները հետաքննության ընթացքում հիմնավորել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափով խարդախության փորձը: Պատճառված վնասը կազմել է 1,800,000 դրամ: Հանցավոր խմբի բոլոր երեք մասնակիցները դատապարտվել են, և նրանց նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 500,000 և 600,000 դրամի չափով:
Մեկ այլ դեպքում քաղաքացի Հ.Ս.-ն դարձել է ՃՏՊ-ի մեղավոր, որի արդյունքում իր ավտոմեքենային պատճառվել է 1,800,000 դրամի վնաս: Հատուցում ստանալու նպատակով Հ.Ս.-ն այդ դեպքից մի քանի օր անց բեմականացրել էր նման պատահար և փորձել հանգամանքները ներկայացնել այնպես, որ նրան տուժող ճանաչեն: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության հաղորդագրության հիման վրա իրավապահ մարմինները հարուցել են քրեական գործ, և ապացուցել խարդախության փաստը: Դատարանը Հ.Ս.-ին ճանաչել է մեղավոր խոշոր չափով խարդախության մեջ և նշանակել պատիժ՝ ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 2 տարի փորձաշրջան:
Նմանատիպ դեպք վերջերս բացահայտվել է իրավապահ մարմինների գործողությունների շնորհիվ: Քաղաքացի Մ.-ի կողմից վարած ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը: Պատճառված վնասը կազմել է 1,714,000 դրամ: Քանի որ ԱՊՊԱ պայմաններով նման դեպքն ապահովագրական պատահար չի հանդիսանում, վարորդը՝ ծանոթների հետ համաձայնության գալով, բեմականացրել է ՃՏՊ այլ ավտոմեքենայի մասնակցությամբ: Դատարանի վճռով նախնական համաձայնությամբ հանցավոր խմբի կողմից խոշոր չափով խարդախություն կատարելու համար քրեական պատիժ նշանակվել է հինգ քացաքացիների նկատմամբ, այդ թվում՝ ՃՏՊ-ի մեղավոր վարորդի, բեմադրության մասնակից այլ ավտոմեքենայի վարորդի, ավտոքարշակի վարորդի, ինչպես նաև Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից մեկի աշխատակցի նկատմամբ:
Խարդախության այլ տարածված տեսակներից է նաև ԱՊՊԱ պայմանագրի ձեռքբերումը ապահովագրական պատահար տեղի ունենալուց հետո: Նման դեպքերից մեկի գծով դատարանի կողմից այս տարի կայացվել է վճիռ քաղաքացի Ա.Ա. –ի նկատմամբ, ով վթարից հետո գնել էր ԱՊՊԱ պայմանագիր, և որոշ ժամանակ անց զանգահարել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության կոնտակտ-կենտրոն և հայտնել ապահովագրական պատահարի մասին: Պատճառված վնասը կազմել է 580,000 դրամ: Ընկերության աշխատակիցների կողմից բացահայտված փաստը հիմք է հանդիսացել քրեական գործ հարուցելու համար: Օրինական ուժի մեջ մտած դատավճռով քաղաքացի Ա.Ա.-ն ճանաչվել է մեղավոր և կրել քրեական պատասխանատվություն:
Ընկերությունում գործում է խարդախության նշանների բացահայտման համակարգ, որի շնորհիվ խարդախության փորձերի զգալի մասն աշխատակիցները կանխում են հայտերի կարգավորման փուլում: Խարդախության նշաններ ունեցող բոլոր հայտային գործերը ենթարկվում են մանրակրկիտ վերլուծության: Օրինակ՝ 2017 թվականի տարեվերջում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ կոնտակտ-կենտրոնը գրանցել է ահազանգ Վանաձորից, որում ներկայացվում էին միմյանց հակասող տեղեկություններ: Ընկերության աշխատակիցների կողմից ձեռնարկված գործողությունների շնորհիվ ապացուցվել էր, որ նշված վթարը, որի արդյունքում պատճառված վնասը կազմել էր 1,500,000 դրամ, բեմականացված էր: Տվյալ դեպքում ապահովագրական հատուցում չի վճարվել:
Մեկ այլ դեպքում, որը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 10-ին Երևանի Զեյթուն շրջանում, Ընկերության աշխատակիցները պարզել էին, որ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվել էր պատահարից հետո: Բացահայտվել էին նաև խարդախության այլ նշաններ, և գործը փոխանցվել է իրավապահ մարմիններին: Քննչական գործողությունների արդյունքում հաստատվեց ապահովագրական ընկերությանը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելու փաստը: Նշված հանգամանքների հիման վրա 410,000 դրամ գումար չի վճարվել:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության Անվտանգության ծառայության ներկայացուցչի հաղորդմամբ, խարդախությունների փորձերի զգալի մասը կատարում են «բարեխիղճ», հանցավոր աշխարհի հետ կապ չունեցող քաղաքացիները, որոնք նախապես չեն պլանավորում հանցանքը, այլ կատարում են հանպատրաստից, առանց գիտակցելու, որ տեղեկատվության խեղաթյուրումը և ապահովագրողին մոլորեցումը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք:
Միայն վերոնշյալ նկարագրված 6 դեպքերով հաջողվել է բացահայտել 7,804,000 դրամ գումարի խարդախության փորձ: Միջազգային վիճակագրության տվյալներով խարդախությունների մասնաբաժինն ապահովագրական հատուցումներում կազմում է մոտ 15 տոկոս, որից 10 տոկոսը կատարվում են «պրոֆեսիոնալների» կողմից: