Արմինֆո. Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանությունը «Դիվանագիտական Ակումբի» հետ համատեղ, առաջին անգամ ողջ տարածաշրջանում հանդես է եկել մի նախաձեռնությամբ, որի նպատակն է օտարերկրյա դեսպանություններին համախմբել մեկ հարկի տակ և ստեղծել դիվանագիտական ֆուտբոլային թիմ` «Ամբասադոր» ֆուտբոլային ակումբի անմիջական մասնակիցները ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներն են, ովքեր անմիջականորեն իրականացնում են մեր հանրապետությունում իրենց դիվանագիտական առաքելությունը։
ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, առաջին Ֆուտբոլային հանդիպումը անցկացվելու է «Ամբասադոր» ֆուտբոլային թիմի և ՀՀ արտաքին գործերի նախարարության «Դիվանագետ» ֆուտբոլային ակումբի միջև և հետապնդում է նպատակ քարոզել խաղաղությունը սպորտի միջոցով։ «Սպորտը հանուն խաղաղության» նախաձեռնության նպատակն է ամրապնդել ՀՀ-ում ներկայացված դիվանագիտական կորպուսի անդամների միջև բարեկամական հարաբերությունները, ինչը կտա հնարավորություն բոլորին համախմբել մեկ գաղափարի շուրջ։
«Սպորտը հանուն խաղաղության» նախաձեռնության առաջին աննախադեպ ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունենալու այսօր, Ժամը 19.00-ին` «Դինամո» մարզահամալիրի փակ մարզասրահում։