Արմինֆո.<Եթե վերադառնում ես քաղաքականություն, ապա այդ մասին պետք է մտածել>,- ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե մտադիր է արդյոք ստեղծել իր կուսակցությունը:
Նախկին նախագահի խոսքով, կուսակցության անվանումը սկզբունքային չէ:
«Սկզբունքային են այն մոտեցումները, որոնք պետք է ադապտացնել. այսօր ընդդիմադիր դաշտում լուրջ վակուում եմ տեսնում, և կարծում եմ, որ այն պետք է լրացնել՝ ելնելով երկրի շահերից>,- ասել է Քոչարյանը:
Նախկին նախագահը նշել է, որ ինքը բարձր պաշտոն զբաղեցնելու որևէ ցանկություն չունի: «Եթե նման ձգտում լիներ, ես 10 տարի չէի ապրի իմ անձնական կյանքով: Իրավիճակը զարգանում է այնպես, որ իրադրությունը ներքաշում է քեզ գործընթացի մեջ, որից չես կարող խուսափել՝ կենսագրության, բնավորության և կյանքի նկատմամբ վերաբերմունքի պատճառով>,- ընդգծել է նա:
Խոսելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն չունենալու մասին՝ Քոչարյանը պարզաբանել է, որ պարզապես չի հասցնում և համոզված չէ այդ գործընթացի լեգիտիմության հարցում:
«Ես անկուսակցական էի: Սա նշանակում է, որ պետք է զրոյից կուսակցություն ստեղծել, այլ ոչ թե վերականգնել այն, ինչ երբևէ եղել է: Ընդ որում, կցանկանայի ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով: Սովորաբար, որոնք են առաջին քայլերը, երբ ցանկանում ես թիմ ստեղծել: Հայացքդ ուղղում ես այն մարդկանց վրա, որոնց ճանաչում ես, որոնց հետ շփվել և աշխատել ես>, - ասել է Քոչարյանը:
Սակայն, նրա խոսքով, ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, անհրաժեշտ է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ մարդկանց: «Ինչ-որ մեկին, իհարկե, պետք է ներգրավել հին թիմից, որին դու գիտես, որի հետ աշխատել ես: Բայց, այնուամենայնիվ, պետք էհիմնվել նոր սերնդի մարդկանց վրա, ինչը հեշտ չէ, դրա համար ժամանակ է պետք>,- ավելացրել է Քոչարյանը: