Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձի հարցը մտնում է բանակցությունների սեղանին գտնվող Մադրիդյան սկզբունքների օրակարգի մեջ: Այդ մասին հոկտեմբերի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան՝ անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարությանը:
Նա տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, թե ինչու է այդ հայտարարությունն այդպիսի աղմուկ բարձրացրել հայ հասարակությունում: <Տարածքների վերադարձի հարցն այսօր բանակցությունների օրակարգում գտնվող Մադրիդյան սկզբունքների կետերի թվում է: Կարծում եմ, որ հակամարտության կարգավորման հարցում անհրաժեշտ է հետևել այդ սկզբունքներին, որոնք ենթադրում են այդ կետերի քայլ առ քայլ կատարում: Եթե անկեղծ, ես մանրամասն ծանոթ չեմ Միլսի հայտարարությանը, չեմ կարող այն մեկնաբանել: Բայց տարածքների վերադարձի հարցը, որքանով ինձ հայտնի է, եղել է բանակցությունների օրակարգում>,- նշել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVN-ի հետ հարցազրույցում ուշագրավ հայտարարություն է արել: Մասնավորապես, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներին մասին, նա շեշտադրում է կատարել «օկուպացված տարածքները՚ վերադարձնելու անհրաժեշտությանը: «Հակամարտության կարգավորումն անհնար է առանց օկուպացված տարածքների որոշակի մասը վերադարձնելու: Օկուպացված տարածքները վերադարձնելու հարցը մադրիդյան սկզբունքների հիմնարար կետերից մեկն է՚, ասել է դիվանագետը: Նա տարակուսանք է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Հայաստանում այդ թեմայի շուրջ, գործնականում, հանրային քննարկում չկա: «Երբ ես նոր էի ժամանել Հայաստան, ապա հայտնաբերեցի, որ հայերի մեծ մասը կտրականապես դեմ է օկուպացված տարածքների վերադարձին: Ինձ թվում է, որ մենք հետ քայլ ենք կատարում: Իմ կառավարությունը տարիներ շարունակ կարծել է, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել են հետագայում «հող` խաղաղության դիմաց՚ բանաձևի շրջանակում օգտագործելու նպատակով: Ես շատ զարմացա, երբ հայտնաբերեցի, որ այդ բանաձևը Հայաստանում հանրային աջակցություն չի գտնում՚, - հայտարարել է դիվանագետը:
Նա նաև ընդգծել է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմն էլ ավելի ամրապնդեց հայերի այդ դիրքորոշումը: «Այժմ ավելի դժվար է լինելու հարցի լուծումը, սակայն դաժան իրականությունն այն է, որ ամեն մի կարգավորում պահանջում է օկուպացված տարածքների որոշակի մասի վերադարձ՚, - ընդգծել է դիվանագետը: Նա նաև կարծիք է հայտնել, որ ստատուս-քվոն այլևս չի բխում Հայաստանի շահերից, քանզի փակ սահմանների և սահմանափակ մարդկային և նյութական ռեսուրսների պայմաններում կոռուպցիոն ռիսկերը մեծանում են: «Կոռուպցիան ծնվում և բարգավաճում է ոչ այն պատճառով, որ մարդիկ վատն են, այլ` որովհետև դրա համար կան համապատասխան պայմաններ՚, - նշել է ԱՄՆ դիվանագետը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ