Արմինֆո.Ազգային անվտանգության ծառայությունը թույլ չի տա երկրի սահմանադրական կարգի նկատմամբ որևէ ոտնձգություն: Այդ մասին հոկտեմբերի 16-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Այն հարցին, թե արդյոք ուժային կառույցներն աշխատելու են արտակարգ ռեժիմով Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո՝ Վանեցյանը հավաստիացրել է. <Ուժային կառույցները միշտ աշխատում են <արտակարգ ռեժիմով>: <Մենք կատարում ենք մեր պարտականությունները օրենքի շրջանակներում, և շարունակելու ենք կատարել բարեխիղճ և շատ լավ>,- ընդգծել է նա:
Ինչ վերաբերում է այն բանին, թե արդյոք ԱԱԾ-ն հակահեղափոխության կամ սաբոտաժի վտանգ է տեսնում՝ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ վտանգ միշտ կա: <Մենք այն տեսակետին ենք, որ պետք չէ թուլանալ, և մենք պարտավոր ենք իրականացնել բոլոր միջոցառումները, որոնք կբացառեն Հայաստանի տարածքում օրենքի ցանկացած խախտում>,- նշել է Վանեցյանը: