Արմինֆո. ԱՄՆ պատրաստ է աշխատել Հայաստանի հետ, սակայն փոխգործակցության օրակարգը Հայաստանինն է, հոկտեմբերի 16-ին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը:
Նրա խոսքով, այժմ քննարկվում է հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպման հարցը, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան 2019 թ. փետրվարին՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: <Այդ հանդիպման ընթացքում մենք արդեն նորովի կքննարկենք մեր հետագա հարաբերությունների ընթացքը: Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ, ինչը շատ կարևոր է: Օրակարգը Հայաստանինն է: Եվ մենք պատրաստ ենք աջակցել հայկական կողմին, մասնավորապես՝ կառուպցիաի դեմ պայքարում: Մենք մեծ փորձ ունենք այս ոլորտում, աշխատել ենք Վրաստանի, Ուկրաինայի հետ, և կարող ենք այդ ուղղությամբ մեր փորձով կիսվել նաև Հայաստանի հետ>,- նշել է Քենթը:
Միաժամանակ նա ավելացրել է, որ այսօր հայ-ամերիկյան առևտրային պալատի ներկայացուցիչների հետ խոսել են տնտեսական ոլորտում մարտահրավերների, այն հնարավորությունների մասին, որոնք թույլ կտային աշխատատեղեր ստեղծել Հայաստանում, և այդ հարցում ԱՄՆ-ը նույնպես պատրաստ է աշխատել հայկական կողմի հետ տնտեսության դիվերսիֆիկացման համար: <Խոշոր ներդրում կա, որը ներկայումս վերանայվում է, և մենք կարևորում ենք, որ ավելի վաղ կնքված պայմանագրերի նկատմամբ հարգանքը ապահովվի: Դա խթան կհանդիսանա նոր ներդրումների, աշխատատեղեր ստեղծելու համար, որպեսզի մարդիկ կարողանան այստեղ արժանապատվորեն աշխատել: Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ աշխատել նաև տնտեսական, մշակութային, կրթական տարբեր ուղղություններում>,- ասել է ամերիկացի պաշտոնյան: