Արմինֆո. «Դուք գիտեք, թե ձեր երկիրը ինչ բարձր տեղ է գրավում ֆրանսիացիների սրտերում: Փարիզում, Մարսելում, Լիոնում կամ այլուր Հայաստան բառը շատ նուրբ և հուզիչ զգացումներ է առաջացնում ֆրանսիացիների հոգում», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բացման արարողությանն իր ելույթում` շնորհակալություն հայտնելով Հայաստանին բարձր մակարդակի գագաթնաժողովը լավագույնս կազմակերպելու համար:
Մակրոնն իր ելույթում անդրադարձել է Շառլ Ազնավուրին, ընդգծելով, որ նա Հայաստանի, Ֆրանսիայի, Ֆրանկոֆոնիայի խորհրդանիշն է: «Նա երգի հսկա տաղանդ էր, ով երգում էր մեր երջանկության, դժբախտությունների, կյանքի նկատմամբ մեր թեթև մոտեցումների մասին: Նա երգում էր մի հատուկ թախիծով, որը յուրահատուկ է պանդխտության մեջ ապրող մարդկանց: Մենք բոլորս գիտենք, որ նա հայ է, երգում և պահպանում էր հայկականությունը, խրախուսում էր քաջությունը: Ամբողջովին ճանաչելով այն մեծ հանցագործությունը՝ Ցեղասպանությունը, որի զոհն էր նաև ինքը», - ընդգծել է Ֆրանսիայի նախագահը
Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ նա ասել է. «Այսօր Երևանում հավաքվել է, ընտանիք, որը ներառում է բոլոր մայրցամաքները: Մենք բոլորս պատկանում ենք այդ ընտանիքին և չունենք մաշկի նույն գույնը, մեր աստվածները չեն կրում նույն անունները, ոմանք նաև Աստծուն չեն հավատում: Մենք ապրում ենք շատ տարբեր կլիմայական պայմաններում, մեր երգերը նման չեն իրար: Մենք ունեցել ենք նաև վերքեր, որոնք նոր են սկսում փակվել: Այնուամենայնիվ, այս բազմազան ընտանիքը միասնական է՝ համախմբված մի լեզվի շուրջ: Այս լեզուն մենք ընկալում և արտահայտում ենք բազմազանությամբ, սակայն բոլորս իրար հասկանում ենք: Այս լեզուն չի պատկանում որևէ մեկին, այն բոլորինն է: Այս լեզուն կարողացել է ընդունել բոլորի մտքերը: Մեր կապն արտահայտվում է ոչ միայն այս լեզվի միջոցով, այլ աշխարհին ուղղված մեր տեսլականով: Մեր տեսլականը պարբերաբար վերաիմաստավորվում և թարմացվում է: Եղբայրությունը, խաղաղությունը արդարությունը կազմում են մեր կազմակերպության հիմնաքարերը»,- ասել է Մակրոնը:
Նա փաստել է, որ ՖՄԿ երևանյան գագաթնաժողովը կազմակերպվում է մի շրջանոիմ, երբ աշխարհում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ. աշխարհակարգը խախտված է ստով, ատելության քարոզչությամբ, և բոլոր նորմերն ու կանոնները, որոնց շուրջ վերջին տասնամյակներին երկրները կարողացել են համախմբվել, այլևս չեն գործում: Ֆրանսիայի նախագահի համոզմամբ, այս իրավիճակում ՖՄԿ կարող է միայն գործել և արարել այնպես, որպեսզի ստեղծվի բոլորին սթափության հրավիրելու իրավիճակ: «Ֆրանկոֆոնիան պետք է լինի այն հարթակը, որտեղ կարտահայտվի համախմբված սթափությունը՚, - կարծում է Մակրոնը: Նա փաստել է, որ ՖՄԿ միավորում է 84 պետությունների, սակայն դրանցից ոչ մեկն իր կամքը չի թելադրել մյուսներին, ժողովրդավարության սկզբունքներ չի պարտադրել մյուսներին: «Ես նկատի ունեմ նաև ինձ, ասելով այս խոսքերը, քանի որ Ֆրանսիան դա հաճախ կիրառել է՚, - ասել է Ֆրանսիայի ղեկավարը:
Նա ընդգծել է, որ Ֆրանկոֆոնիան բաց հարթակ է, որտեղ կարելի է միավորել ջանքերը համամարդկային սկազբունքների և իրավունքների առաջ մղման համար, որտեղ կարելի է պայքարել մարդու իրավունքների համար: Նրա ասելով, Ֆրանկոֆոնիան պետք է լինի ֆեմինիստական: Նա ընդգծել է ֆրանսերենի կարևորությունը կազմակերպության գործողության ողջ տարածքում, այդ առնչությամբ հիշեցնելով, որ շուտով ֆրանսերեն կխոսի շուրջ 700 մլն մարդ:
Վերջում նա նշել է, որ 15 օր առաջ զրուցել է Շառլ Ազնավուրի հետ, ով պատրաստվում էր Տոկիո ուղեւորությանը եւ անհամբեր սպասում էր Հայաստան մեկնելուն, որը եւս մեկ հանդիպում կլիներ իր սիրելի Հայաստանի հետ: «Ազնավուրը խորհրդանշում է այն, ինչ մեզ միավորում է։ Հայերենը նրա մայրենի լեզուն էր, երկրորդ լեզուն վրացերեն էր։ Իսկ այսօր ոչ մի ֆրանսիացի չկա, որն Ազնավուրին չհամարի ֆրանսերենի լավագույն կրող: Հենց սա պետքէ լինի մեր նպատակը` մեր լեզվի առաջ մղումը ողջ աշխարհում: Եվ մենք դեռ շատ բան ունենք անելու՚, - ամփոփեկ է Մակրոնը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ