Արմինֆո. Երեկ գիշերը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են կատարել ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Մխչյան գյուղում գտնվող տանը:
Հատկանշական է, որ ԱԱԾ-ն չի սահմանափակվել միայն Աբրահամյանի տանը խուզարկությամբ և խուզարկել է նաև նրա թիկնազորի պետ Բագրատի տունը նույն Մխչյան գյուղում: Ինչպես Աբրահամյանը, այնպես էլ նրա թիկնազորի պետը վաղուց Մխչյան գյուղում չեն բնակվում, վերջին մի քանի տարում երկուսն էլ ապրում են մայրաքաղաքում, Աբրահամյանը` «Հաղթանակ՚ զբոսայգուն հարակից շքեղ առանձնատանը:
Թե հատկապես ինչ է փնտրել ԱԱԾ-ն Աբրահամյանի և նրա թիկնազորի պետի տանը, դեռ հայտնի չէ: Սպասվում է, որ առաջիկա ժամերին ԱԱԾ-ն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:
Ինչ վերաբերում է Աբրահամյանին, նրա հետ ԱրմԻնֆո-ի թղթակցին չի հաջողվել կապ հաստատել, նրա հեռախոսներն անջատված են: