Արմինֆո. «Նաիրիտի» գործարանի տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների չվճարված աշխատավարձերի՝ 2018-ի հունվարի 1-ից սկսված վճարման գործընթացը շարունակվում է։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
«Այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ՝ շուրջ 55 մլն դրամ»,- գրել է նա: Փոխվարչապետը նաև նշել է, որ միաժամանակ հաշվարկվում են նաև ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները։ «Շնորհակալություն եմ հայտնում այդ աշխատակիցներին՝ խնդիրը բարձրացնելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և ֆինանսների նախարարներին՝ խնդիրը լուծելու ուղղությամբ իրենց ջանքերի համար»,- ընդգծել է Ա. Միրզոյանը:
Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանը լիովին դադարեցրել է աշխատանքը 2014 թվականին: Գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամի (շուրջ 130 մլն դոլար): Մինչև նախորդ դարի 80-ական թվականների վերջը գործարանի արտադրանքն զբաղեցնում էր սինթետիկ կաուչուկի համաշխարհային շուկայի 10-12%-ը: