Արմինֆո.Հայաստանը ղարաբաղյան հակամարտությունում ներքաշված կողմ է: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կողմ է, որն արժանացել էր պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի և ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի քննադատությանը:
Փոխարտգործնախարարի ասելով, Հայաստանն Արցախի և Ադրբեջանի հետ միասին ստորագրել է 1994 թվականին ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների դադարեցման շուրջ պայմանագիրը, և այդ տեսանկյունից հակամարտությունում ներքաշված կողմ է: «Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները մշտապես հայտարարել են անմիջականորեն Հայաստանի տարածքի նկատմամբ իրենց նկրտումների մասին: Այնպես որ, Հայաստանը ներքաշված է հակամարտության մեջ, սակայն դրա հիմնական կողմերն Արցախն ու Ադրբեջանն են՚, - բացատրել է Քոչարյանը, հավելելով, որ Հայաստանը, միանշանակ, չի կարող բանակցություններ վարել Արցախի փոխարեն:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կողմ է, ինչին արձագանքել էին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ու ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ընդգծելով, թե նման հայտարարությունները նենգափոխում են հակամարտության էությունը, այն փոխակերպում են տարածքային վեճի, ինչին ձգտում է հասնել Բաքուն: Նրանք ընդգծել էին, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, որի ժողովուրդը պայքարում է հանուն ինքնորոշման իրավունքի:
Միևնույն ժամանակ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Երևանը հակամարտության կողմ է, և դա արձանագրված է միջազգային փաստաթղթերում: