Արմինֆո.Երևանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար միջոցներ ձեռնարկելու խնդրանքով:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք, խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։ Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»:
Նշենք, որ այսօր վերսկսվել են քաղաքապետարանի շենքի մոտ բողոքի ակցիաները: Ցուցարարները կրկին պահանջել են, որպեսզի Տարոն Մարգարյանը հետևի Հայաստանի նախկին նախագահի և նախկին վարչապետի օրինակին ու հրաժարական տա: Հիշեցնենք, սակայն, որ մեկ շաբաթ առաջ լրագրողների հետ զրույցում քաղաքապետը հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ: