Արմինֆո. Վատիկանում ՀՀ դեսպան, նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին ՀՀԿ կողմից վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը` ի պատասխան «Հայկական ժամանակի՚ հարցմանը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են տեղեկությունները, որ Միքայել Մինասյանը դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին՝ Վատիկանում ՀՀ դեսպանի պաշտոնից հրաժարվելու մասին, Բալայանը նշել է. «Դեսպանների նշանակման եւ հետկանչման ընթացակարգը որոշակի արարողակարգային գործողություններ է պահանջում: Միայն նախագահի հրամանագրի հրապարակումից հետո է այն ենթակա հրապարակման լայն հանրության համար»:
Հիշեցնենք, որ տեղական ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, թե Միքայել Մինասյանը մտադիր է ազատվել Վատիկանում ՀՀ դեսպանի պաշտոնից, քանի որ ՀՀԿ-ն մտադիր է ապրիլին նրա թեկնածությունն առաջադրել երկրի վարչապետի պաշտոնի համար: Այդուհանդերձ, ՀՀԿ ներկայացուցիչները պնդում են, որ վարչապետի պաշտոնի ամենահարմար թեկնածուն Սերժ Սարգսյանն է: