Արմինֆո.«Իրանի հանրահավաքները ոչ մի կերպ չեն անդրադառնա Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների վրա: Իրանը մեզ համար բարեկամական պետություն է, և անկախ այդ երկրում առկա իրավիճակից, մենք կպահպանենք մեր հարաբերությունները՚, - հունվարի 11-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով ԻԻՀ վերջին հուզումներին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այդ հուզումները հրահրված էին արտաքին ուժերի կողմից թե դա բացառապես սոցիալական բնույթ էր կրում, Քոչարյանը նշել է. «Նման գործողությունների ժամանակ միշտ խոսք է գնում դրանց «արտաքին ուժերի՚ մասնակցության մասին, բոլորովին անկախ այն բանից, թե կոնկրետ որ երկրում են տեղի ունենում բողոքի ակցիաները: Տվյալ դեպքում` Իրանի վերջին հուզումներում արտաքին ուժերի շահագրգռվածությունն այնքան ակնհայտ էր, որ կան որոշակի հիմքեր` խոսելու այդ հուզումներին նրանց մասնակցության մասին՚, - եզրափակել է Շավարշ Քոչարյանը: