Արմինֆո.Երևանում Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում օգոստոսի 19-ին տեղի է ունեցել ուկրաինական երաժշտության երեկո: Հայաստանում ուկրաինական համայնքի ներկայացուցիչների նեղ շրջանակում «Դնիպրո» վոկալ-խումբը Նունե Արոնյանի ղեկավարությամբ կատարել է մի շարք ժողովրդական երգեր: Հնչել է Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմից հայտնի երգը:
«Ես շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց այսօր կազմակերպել այսպիսի հրաշալի երեկո», - ողջույնի խոսքում նշել է տուն-թագարանի տնօրեն զավեն Սարգսյանը, հավելելով, որ ուկրաինական երաժշտության վաղեմի երկրպագու է: Նա նշել է, որ Սերգեյ Փարաջանովն այն մարդկանցից էր, որ իր շուրջ կարողանում էր հավաքել տարբեր ազգությունների մարդկանց` հայերի, վրացիների, ուկրաինացիների, ռուսների և այլոց:
«Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիայի» ղեկավար Աննա Հարությունյանն, իր հերթին, նշել է, որ Փարաջանովն իր համար մոտ մարդ էր, քանի որ իր մանկությունն անցել է Թբիլիսիում, նույն շրջանում, որտեղ ապրում էր Սերգեյ Փարաջանովը: Նա նշել է, որ Փարաջանովը մարդկանց միավորում էր իր սիրով, ստեղծագործությամբ և, չնայած դժվարոթյուններին, որոնց միջով ստիպված էր անցնել, մնում էր կենսուրախ մարդ: Նա սիրով հիշել է Սերգեյ Փարաջանովի խոսքերն իր իսկ մասին. «Ես հայ եմ, որը ծնվել է Թբիլիսիում, նստել ռուսական բանտում` ուկրաինական ազգայնականության համար»:
Երեկոյին ներկա են եղել պաշտոնական հյուրեր, այդ թվում` Հայաստանում Ուկրաինայի դեսպանության աշխատակիցներ: