Արմինֆո. ՀՅԴ Հայ դատի երևանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն անարդարացի է համարում «մադրիդյան սկզբունքների» առնչությամբ ՀՀԿ-ին հասցեագրված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքները:
Մանոյանի ասելով, ազնիվ չէ, երբ նույն այդ սկզբունքների շուրջ բանակցություններ վարող մարդիկ ղարաբաղյան հակամարտությունում առկա իրավիճակի համար ողջ պատասխանատվությունը բարդում են իրենց փոխարինած մարդկանց վրա: «Մադրիդյան սկզբունքները» ներկայացվել են 2007 թվականի նոյեմբերին, երբ Ռոբետ Քոչարյանը դեռ նախագահ էր, իսկ Վարդան Օսկանյանը` արտգործնախարար: Հետևաբար, տարօրինակ է, որ այդ մարդիկ հայտարարում են, թե առկա իրավիճակի համար պատասխանատու են ներկայիս իշխանությունները: Դա ազնիվ չէ», - նշել է Մանոյանը:
Ինչպես արդեն հաղորդվել է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբետր Քոչարյանն իր վերջին հարցազրույցում, մասնավորապես, նշել է, որ «մադրիդյան սկզբունքները» միայն մասամբ էին ընդունելի մեզ համար, քանի որ ճանաչում էին ԼՂՀ ինքնորոշման իրավունքը: «Բայց դա ոչ թե ստորագրման համար նախատեսված փաստաթուղթ էր, այլ սկզբունքներ էին, որոնք, միջնորդների կարծիքով, պետք է հիմք հանդիսանային ապագա համաձայնագրի համար: Այդ սկզբունքների հիման վրա միջնորդները փորձեցին կարգավորման համաձայնագիր ստեղծել, սակայն, այդ համաձայնագիրը երբեք ստորագրմանը մոտ չի եղել: Միևնույն ժամանակ, այն տարիներին երկիրը ինտենսիվ զարգանում էր, մենք առաջ էինք անցել Ադրբեջանից թե բարեփոխումներով, թե արտաքին քաղաքական ակտիվությամբ և բանակցում էինք, վստահ լինելով, որ ի զորու ենք չեզոքացնել հակամարտության ուժային լուծման ցանկացած փորձ: Բայց այս ամենը 10 տարի առաջ էր: Ադրբեջանի գործողությունները, նրա ագրեսիվության աստիճանը, անվստահության մակարդակը բոլորովին այլ էին: Չկար հայ սպային Բուդապեշտում գլխատած հանցագործի պետական հերոսացումը, չկար ապրիլյան պատերազմը, իսկ հրադադարը խարսխված էր ուժերի հավասարակշռության վրա, ինչի մի մասն էին հանդիսանում վերահսկվող տարածքները: Ակնհայտ է, որ «Մադրիդյան սկզբունքներն» իրենց նախկին տեսքով արդեն չեն համապատասխանում նոր իրողություններին և վերանայման կարիք ունեն: Առաջին հերթին՝ անվտանգության երաշխիքների ուժեղացման համատեքստում, հանրաքվեի ժամկետների ճշգրտմամբ և դրա կապակցմամբ՝ տարածքների վերադարձի հետ: Օրինակ, համաձայնագրի անբաժանելի մաս կարող են դառնալ. ռազմական բալանսի վերականգնումը, կողմերի և միջազգային հանրության կոշտ և վերահսկվող պարտավորությունները այդ բալանսի պահպանման մասով առնվազն 25 տարի ժամկետով», - նշել է Քոչարյանը: Միևնույն ժամանակ երկրորդ նախագահը համոզմունք է հայտնել, որ ԼՂՀ անկախությունը և Հայաստանի հետ ընդհանուր սահմանի առկայությունը չեն կարող սակարկության առարկա լինել: