ԱրմԻնֆո: «Ինձ առավելապես մտահոգել է մեր հասարակության ռեակցիան տեղի ունեցածին», - հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում պատասխանելով «Սասնա ծռերի» գործողության գնահատմանն առնչվող հրացին:
«Ռադիկալ դրսևորումներ կարող են լինել ցանկացած, նույնիսկ ամենաբարեկեցիկ և ժողովրդավարական երկրներում: Ամենուրեք կգտնվեն մարդիկ, ովքեր ծայրահեղությունների մեջ կտեսնեն քաղաքական և սոցիալական խնդիրների լուծման ուղին: Հարցն այն է, թե ինչպես է արձագանքում հասարակությունը ներքաղաքական խնդիրների ուժային, զինված լուծման փորձերին: Չնայած զոհի առկայությանը, ընդամենը մեկ օր հետո հասարակության մեջ գերակշռող դարձավ զինված խմբի ընկալումը՝ որպես ապստամբների, որ մարտահրավեր են նետել իշխող ռեժիմին: Սա խոսում է մարդկանց տրամադրությունների, իշխանության հանդեպ նրանց վերաբերմունքի, այն ճնշման մասին, որ գործում են հասարակական գիտակցության վրա քրոնիկ դարձած քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրները: Սա դեղին քարտ է երկրի քաղաքական համակարգին: Կրկնվեմ. ոչ թե ինքնին ոստիկանական գնդի գրավման փաստը, այլ հասարակության արձագանքը այդ գործողությանը, փողոցում ու սոցիալական ցանցերում մասսայական աջակցության արտահայտումը և կատարողների հերոսացումը:
Այսպիսի երևույթը հնարավոր չէ արհամարել և դրա հետ պետք է ինչ-որ բան անել, հակառակ դեպքում երկիրը ապրելու է ասես վառոդի տակառի վրա: Պետք են արմատական ռեֆորմներ, մարդիկ պետք է քաղաքական մրցակցություն տեսնեն երկրում և փոփոխությունների հնարավորություն՝ լեգիտիմ ընտրական գործընթացի, այլ ոչ թե պետական հիմնարկներ գրավելու և պատանդներ վերցնելու միջոցով», - ասել է Ռ.Քոչարյանը:
Գնահատելով Հայաստանում ստեղծված քաղաքական, տնտեսական վիճակը` ՀՀ երկրորդ նախագահն ասել է. «Ցավոք, ոչ մի հուսադրող բան ասել չեմ կարող: Մեր վիճակագրությունն այլևս չի արտացոլում իրական տնտեսական իրավիճակը, իսկ կառավարությունը դադարել է ձևակերպել և ձևավորել տնտեսական քաղաքականությունը: Սոցիալական ցանցերն այսօր ինչպես մարդկանց տրամադրությունների, այնպես էլ երկրում ձևավորված սոցիալ-քաղաքական իրավիճակի ամենօբյեկտիվ ցուցիչն են: Արդեն մի քանի տարի է, ինչ հասարակության մեջ դիտվում է բացասական տրամադրությունների ինտենսիվ կուտակում: Այսօր դրանք չափազանց սրվել են, ընդ որում՝ այդ տրամադրությունների ծայրահեղականացման գործընթաց է ընթանում: Դա չի կարող չանդրադառնալ ներդրումային ակտիվության, գնողական տրամադրությունների, միգրացիայի, այսինքն՝ ընդհանուր առմամբ տնտեսության վրա»: