ԱրմԻնֆո: Բաքվի ապակառուցողական դիրքորոշումն առաջին պլան է մղում ԼՂՀ միջազգային ճանաչման անհրաժեշտությունը, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով, 25 տարիների ընթացքում Արցախի ժողովուրդը ապացուցեց, որ ինքը տեր է իր կայացրած որոշմանը, քանի որ Արցախն այժմ կայացած պետություն է: ՙԻսկ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ԼՂՀ քաղաքացին կարող է դիմակայել ցանկացած արկածախնդրության և ագրեսիայի՚,-ասել է դիվանագետը:
Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային ողջ գործընթացում Ադրբեջանն ապակառուցողական դիրքորոշում է զբաղեցրել: ՙՆման քաղաքականությունն առաջին պլան է մղում ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը, ինչը կարող է արդյունավետ դարձնել բանակցային գործընթացը՚,-նշել է Քոչարյանը՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ մշտական
աշխատանք է տարվում:
Փոխնախարարը նշել է, որ քանի դեռ շփման գծում հնչում են կրակոցները, և հակառակորդը դիմում է սադրանքների, բանակցային գործընթացում տեղաշարժերի մասին խոսելն ավելորդ է: ՙԳործընթացը կարող է շարունակվել միայն այն դեպքում, եթե ներդրվեն հետաքննության մեխանիզմներ, ընդլայնվեն մոնիտորինգի առաքելության հնարավորությունները և դադարեն սադրանքները՚,-ընդգծել է նա: Քոչարյանը նաև անընդունելի է համարել տարածքային զիջումների գնալու իշխանությունների մտադրության վերաբերյալ հայ քաղաքական գործիչների և փորձագետների հայտարարությունները: