Արդեն կես տարի է, ինչ Բյուրականի աստղադիտարանը տարածաշրջանային աստղագիտական կենտրոն է, և այդ կարգավիճակը հնարավորություն է տալիս Հայաստանին համակարգել տարածաշրջանի աստղադիտարանների աշխատանքը, ինչը կնպաստի աստղագիտության զարգացմանն ինչպես գիտական, այնպես էլ՝ կրթական և հասարակական մակարդակով: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայկական աստղագիտական ընկերության նախագահ Արեգ Միքայելյանը:
Նրա խոսքով, Բյուրականի աստղադիտարանին տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի կարգավիճակի շնորհումը Միջազգային աստղագիտական միության ռազմավարական ծրագրի մասն է կազմում: Մի քանի տարի առաջ այս կազմակերպությունը պարտավորվել էր աստղագիտության զարգացման մի քանի ծրագրերի շրջանակներում տարածաշրջանային աստղագիտական կենտրոններ ստեղծել:
Միքայելյանը նշել է այն փաստը, որ Հայաստանն այդ կարգավիճակին արժանացել է մեծ մրցակցության պայմաններում: Նրա խոսքով, աստղադիտարանների տարածաշրջանային եռյակին /Հայաստան, Իրան և Վրաստան/ միացել է նաև Ղազախստանը, միանալու ցանկություն է հայտնել նաև Տաջիկստանը: Նրա խոսքով, նաև այդ նախագծին Թուրքիայի միանալու հարցն է դրված, սակայն, հասկանալի պատճառներով, առայժմ դա տեղի չի ունենում:
Արեգ Միքայելյանը լրագրողներին հայտնել է նաև, որ Բյուրականի աստղադիտարանի հոբելյանի կապակցությամբ Հայաստանում կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ միջազգային դպրոց կկազմակերպվի երիտասարդ աստղագետների համար, հանդիսավոր նիստ տեղի կունենա Գիտությունների ակադեմիայում, ինչից հետո կանցկացվի միջազգային գիտաժողով, որին հրավիրված կլինեն միջազգային մասշտաբի հայտնի աստղագետներ, կկազմակերպվեն աստղագիտության վերաբերյալ դասախոսություններ հանրակրթական դպրոցներում: Սեպտեմբերին տեղի կունենա Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնումը:
Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Բյուրականի աստղադիտարանը Միջազգային աստղագիտական միության որոշմամբ հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, իսկ հոկտեմբերին տեղի է ունեցել Բյուրականի աստղադիտարանի հանդիսավոր բացումը, որին ներկա են գտնվել տարբեր երկրների աստղադիտարանների ներկայացուցիչներ: