Հյուսիս-Հարավ
ավտոմայրուղու շինարարությունը հայտնվել է Հայաստանի իշխանության ներսում
ծածուկ պայքարի էպիկենտրոնում: Այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ պատգամավոր Նիկոլ
Փաշինյանը խորհրդարանում 170 մլն դոլարի լրացուցիչ վարկային միջոցների շուրջ
համաձայնագրի քննարկման ժամանակ, որոնք նախատեսվում է ուղղորդել ավտոմայրուղու
շինարարությանը:
Փաշինյանը հայտարարել է,
թե որպես ԱԺ պատգամավոր միշտ դեմ է
քվեարկել նոր վարկային համաձայնագրերին,
քանի որ յուրաքանչյուր նոր վարկ կանաչ լույս է նոր մեքենայությունների, կոռուպցիոն
սխեմաների և կառավարող վերնախավի կողմից միջոցների փոշիացման համար: «Գագիկ
Բեգլարյանը, ստանձնելով տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը, առաջին հերթին
պաշտոնանկ արեց ներդրումային ծրագրի տնօրեն Արա Հովսեփյանին, ով Սերժ Սարգսյանի
փեսայի մերձավորներից է: «Փեսայի քաղաքական կլանը» ժամանակ առ ժամանակ հարվածներ է
հասցնում այդ նախագծին, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որը կատաղի պայքյար է
ընթանում նոր վարկեր ստանալու համար», - ասել է Փաշինյանը:
Նա կարծում է, որ Սերժ
Սարգսյան-Տիգրան Սարգսյան տանդեմի կառավարման տարիներին երկրի արտաքին պարտքը
եռապատկվել է, աղքատությունը 10 տոկոսով ավելացել է, իսկ բնակչության թիվը նվազել
է 200 հազարով: «Բաց են մնում այն հարցերը, թե ինչի վրա են ծախսվել ստացված
վարկերը, և ինչու աղքատության շեմից ցածր
ապրող շարքային քաղաքացիները պետք է իրենց գրպանից մարեն այդ վարկերը», -
հայտարարել է պատգամավորը:
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության հիման վրա
ԱրմԻնֆո-ի փորձագետների հաշվարկների համաձայն, 2013 թվականին բնակչության մեկ
շնչին բաժին ընկնող պարտքի տեսակարար բեռն ավելացել է 1400 դոլարից մինչև 1500
դոլար, միայն արտաքին պարտքի գծով` 1200 դոլարից մինչև 1300 դոլար: Ուշագրավ է, որ 2009 թվականի ճգնաժամային շրջանում բնակչության մեկ շնչին բաժին էր ընկնում ընդամենը 550 դոլար արտաքին պարտք: Փորձագետները կարծում են, որ, հաշվի առնելով արտագաղթի բարձր մակարդակը, որի արդյունքում Հայաստանի բնակչության թիվը վիճակագրական տվյալներից անհամեմատ ավելի փոքր է (2012 թ. 3.027 մլն-ից մինչև 3.017 մլն 2013թ.), բնակչության մեկ շնչին բաժին ընկնող արտաքին պարտքի բեռն ավելի է ծանրացել:
2009-2012 թթ. Հայաստանի ՀՆԱ-ում արտաքին պարտքի բաժինը տատանվում էր 35-38%-ի սահմաններում, 2010 թ. նվազագույնով և 2012 թ. առավելագույնով, այդ ժամանակահատվածում բացարձակ արտահայտությամբ ավելանալով 26%-ով, ՀՆԱ աճի դանդաղ տեմպերի պայմաններում (հաշվի առնելով 2009թ. 14 տոկոս անկումը):
Ըստ վիճակագրական տվյալների, արտաքին պարտքի կառուցվածքում 87% կամ 3.395 մլրդ դոլար բաժին է ընկնում կառավարությանը, իսկ մնացած 13% կամ 508.3 մլն դոլարը` Կենտրոնական բանկին: Ընդ որում, կառավարության արտաքին պարտքը հոկտեմբերին 13,2% կրճատվելուց հետո, աննշան նվազելեվ նոյեմբերին, դեկտեմբերին ավելացել է 2,2%-ով, 2013 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ավելանալով, ընդհանուր առմամբ, 8%-ով, մինչդեռ Կենտրոնական բանկի արտաքին պարտքը դեկտեմբերին կրճատվել է 7%-ով` հունվար-դեկտեմբերի ամիսներին կրճատվելով 14,5%-ով:
2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պարտքը կազմել է 1.9 տրլն դրամ կամ 4.6 մլրդ դոլար` դեկտեմբերին 1,2%, իսկ հունվար-դեկտեմբերին 5,5% աճով: Դրա կառուցվածքում ներքին պետական պարտքի բաժինը կազմում է 15% կամ
277.7 մլրդ դրամ (684.7 մլն դոլար) դեկտեմբերին 0,6%, իսկ հունվար-դեկտեմբերին 8,7% աճով: Պետական պարտատոմսերի տեսակարար կշիռը ներքին պետական պարտքում 2013 թվականին ավելացել է 97,7%-ից մինչև 98,5%` բացարձակ մեծության 9,7% տարեկան աճով, առևտրային վարկերի բաժինը կրճատվել է 1,9%-ից մինչև 1,2%` բացարձակ մեծության 33% տարեկան անկմամբ, իսկ մնացած մասը երաշխիքներն են, որոնց բաժինը կրճատվել է 0,4%-ից մինչև 0,3%` բացարձակ մեծության 10,5% տարեկան անկմամբ: