ՀՀ բնապահպանության նախարարության և «Սևան» ազգային
պարկի ներկայացուցիչներն ընդունում են, որ ձկնահենության նկատմամբ պատշաճ
հսկողություն չի իրականացվում:
Ինչպես այսօր
Կովկասի ինստիտուտում կայացած դեբատների ընթացքում հայտարարել է «Սևան» ազգային
պարկի փոխտնօրեն Վահե Գուլանյանը, ձկնահենության նկատմամբ լիակատար
վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ են համապատասխան ռեսուրսներ,
հատկապես, եթե հաշվի առնենք, որ Սևանի մոտակայքում գտնվում է 43 համայնք: Բացի
այդ, նա նշել է, որ լճում շուրջօրյա հսկողություն չի իրականացվում: Միաժամանակ
Գուլանյանը ձկնահենությունը կապել է երկրի սոցիալական իրավիճակի հետ,
հայտարարելով, որ «չի կարելի ձկան պատճառով կոտրել մարդու կյանքը», քանի որ վաղը
նա կարող է դառնալ աշխատանքային միգրանտ:
Այն, որ ձկան
օրինական որսի նկատմամբ հսկողությունը կաղում է, ընդունել է նաև ՀՀ
բնապահպանության նախարարության բիոռեսուրսների կառավարման կենդանական ռեսուրսների
գործակալության ղեկավար Սևակ Բալոյանը: Նա հիշեցրել է, որ սիգի վաճառքն արգելքի
տակ է 2005 թվականից:
Զարմանալի չէ, որ
վերոնշյալ անձանց կողմից իրենց անօգնականության
մասին հայտարարելուց հետո ԱրմԻնֆո գործակալության թղթակիցն Աբովյան փողոցում
ականատեսը դարձավ` 1500 դրամով սիգի մեկ հատի վաճառքին: Տեսնելով, որ տեղի է
ունենում բջջային հեռախոսով նկարահանում, պոտենցիալ գնորդը վախեցած սկեց մոտական
խանութը, հասցնելով վաճառողուհուն միայն բացականչել. «Մեզ նկարում են»:
Վերջին 20 տարիներին սիգի
պաշարների Սևանում նվազել են հինգ հազար անգամ:
Այսպես, եթե 1988, 1989 և 1990 թվականներին լճում կար 28-30 հազ.տոննա սիգ,
ապա 2012 թվականին այն արդեն 6-6.5 հազ.տոննա էր: Փորձագետները բազմաթիվ անգամ
նշել են, որ ստեղծված իրավիճակի պատճառն, առաջին հերթին, սիգի չափազանց մեծ
ծավալների որսն է, ինչպես նաև այն, որ սիգը հաճախ վաճառվում է նաև ձվադրման
ժամանակաշրջանում: