Մայիսի 24-ին The Windrose հայկական հայտնի խումբը ելույթ կունենա Երևանում`Եվրոպայի օրվան նվիրված մեծ համերգի շրջանակներում:
Խումբն ստեղծվել է ավելի քան մեկ տարի առաջ, և այդ ընթացքում շուրջ 100 համերգ է ունեցել: The Windrose-ը հիմնականում նվագում է եվրոպական ժողովրդական երաժշտություն, մասնավորապես`կելտական և սկանդինավյան: Կարելի է ունկնդրել երգեր` հին շվեդերեն, նորվեգերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով: The Windrose-ի երգացանկը ներառում է մի քանի տասնյակ ստեղծագործություն, մասնավորապես` շոտլանդական, իռլանդական, բրետոնյան երաժշտություն, ուելսյան երգեր:
Խմբի անդամներ են՝ Մարգարիտա Մկրտչյան (ջութակ),Արթուր Աթայան (շվի, ջութակ), Անի Սերոբյան (վոկալ), Թելման Պապիկյան (կիթառ), Արթուր Պողոսյան (հարվածային գործիքներ):Խմբի վեցերորդ մասնակիցը` Միկա Հովհաննիսյանը (վարգան), անցած ամառվանից ծառայում է բանակում:
ՙThe Windrose /Քամիների վարդը/ անվանումը մենք ընտրել ենք`որպես քարտեզի և ճամփորդության խորհրդանիշ: Ըստ էության, երաժշտությունը, որը մենք նվագում ենք, ճամփորդություն է դեպի տարբեր երկրներ, մշակույթներ և սովորույթներ՚,- պատմել է Արթուր Աթայանն ԱրմԻնֆո-ի հետ զրույցում: Նրա խոսքով, երգացանկը խմբի մասնակիցները միասին են ընտրում: ՙՄենք հանգամանալից պատրաստվում ենք յուրաքանչյուր ստեղծագործության կատարմանը: Մեզանից ամեն մեկն իր ներդրումն ունի:
Այսպես`Արթուր Պողոսյանը հին լեզուների մասնագետ է, նա տառադարձում է բառերը, որպեսզի մենք կարողանանք ճիշտ արտաբերել դրանք՚,- հայտնել է երաժիշտը: The Windrose-ի առաջին համերգը տեղի է ունեցել 2013 թ. ապրիլի վերջին: Այդ ժամանակից ի վեր խումբը հասցրել է երկրպագուների բանակ հավաքել, մասնակցել բարեգործական միջոցառումներին: Բացի այդ, The Windrose-ը համագործակցում է բրիտանական դեսպանատան հետ, որը հաճախ հրավիրում է խմբին իր միջոցառումներին: Օրինակ`The Windrose-ը մասնակցել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի օրերին, իսկ մայիսի 24-ին Եվրոպայի օրվա շրջանակներում կմասնակցի Ազատության հրապարակում կայանալիք համերգին:
Խմբի մասնակիցները լի են ստեղծագործական գաղափարներով: ՙՄենք բազմաթիվ ծրագրեր ունենք, ցանկանում ենք կատարել հայկական ժողովրդական երաժշտություն, ինչպես նաև հյուսիսամերիկյան հնդկացիների ժողովրդական երաժշտությունը՚,- ասել է Աթայանը: