Պրն. Շարմազանով, չնայած կանխատեսվող ամառային լռությանը`այս ամառը բավականին թեժ էր, և ոչ այնքան եղանակային պայմանների առումով, որքան հասարակական-քաղաքական դաշտում կրքերի բորբոքման պատճառով: Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշումը բողոքի ալիք բարձրացրեց հանարպետությունում: Շատ վերլուծաբաններ կանխատեսում են, որ աշնանը երկրում սոցիալական խռովությունից չես խուսափի, քանի որ այդ ժամանակ բնակչությունն ավելի սուր կզգա իր վրա բուհերում վարձավճարի և էներգակիրների սակագների թանկացումը: Ի՞նչ կարծիք ունեք այս առնչությամբ`հաշվի առնելով ստեղծված իրավիճակը...
-Միանգամայն բացատրելի և իրավաչափ է, որ յուրաքանչյուր պետությունում շուկայում գների ցանկացած թանկացում դժգոհության ալիք է բարձրացնում, և Հայաստանն այս առումով բացառություն չէ: Բայց ես հեռու եմ տեղի ունեցող իրադարձություններին արմատական գնահատականներ տալուց, դրանք որպես սոցիալական խռովություն որակելուց: Այն ամենը, ինչ ներկայումս տեղի է ունենում Հայաստանում, տեղավորվում է սթափ տրամաբանության մեջ, և որևէ արտառոց բան դրանում չկա. այո, կան խնդիրներ, և ժողովուրդն իր դժգոհությունն է հայտնում այդ առնչությամբ, ընդդիմությունն իր գործառույթն է կատարում`քննադատելով իշխանությանը և ուշադրությունը կենտրոնացնելով գոյություն ունեցող խնդիրների վրա, իսկ իշխանություններն իրենց աշխատանքն են կատարում`հնարավորինս փորձելով լուծել կուտակված հարցերը: Այնպես որ`ամեն ինչ ընթանում է բնական հունով: Ցավոք, իշխանությունների համար հեշտ չէ, հաճախ այս կամ այն խնդիրը լուծելու համար հարկ է լինում ոչ պոպուլյար քայլերի դիմել և ենթարկվել քննադատության: Սակայն, այլ ճանապարհ չկա, կառավարող վարչակարգը կախարդական փայտիկ չունի բոլոր խնդիրների այսրոպեական լուծման համար: Մենք չենք կարող խաբել ժողովրդին և ասել, որ վաղը բոլորը կապերն դրախտում: Բայց պետք է հասկանալ մեկ բան`փողոցային ակցիաներով և ագրեսիայով անհնար է լուծել խնդիրները: Դրանց լուծմանը կարելի է հասնել միայն փոխզիջման ճանապարհով: Ենթադրենք, թե տեղի է ունենում իշխանափոխություն, և ի՞նչ, բոլոր խնդիրները մեկ օրում կլուծվե՞ն: Իհարկե, ոչ, և բոլորը շատ լավ գիտակցում են դա:
Քսան տարին բավականաչափ ժամկետ չէ՞ գոնե ամենահրատապ խնդիրների լուծման համար:
-Նշանակում է` ոչ...
Մյուս կողմից`չե՞ք կարծում արդյոք, որ հասարակական դժգոհություն հարուցում են ոչ միայն և ոչ այնքան սոցիալական խնդիրները, որքան երկրում տիրող սոցիալական անարդարության և բևեռացման սուր գիտակցումը:
-Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանում խնդիրներ չկան սոցիալական արդարության առումով, և որ դա չի բարկացնում հասարակությանը: Ավելին, հասկանում եմ, որ ժողովրդի համբերության բաժակը վերջին 20 տարում լցվել է: Բայց մենք պետք է հասկանանք, որ կուտակված խնդիրների լուծման հարցում մեր երկրի ռեսուրսները սահմանափակ են: Վստահեցնում եմ ձեզ, որ ոչ մի իշխանություն չի ցանկանում իր ժողովրդին դժբախտ տեսնել, յուրաքանչյուր ղեկավարի հաճելի կլինի հանդիպումների ժամանակ տեսնել իր քաղաքացիների գոհունակ դեմքերը: Ինձ համար էլ հաճելի չէ, երբ տեսնելով ինձ փողոցում կամ բակում`մարդիկ դժգոհում են գործազրկությունից, բուժսպասարկման կամ բարձրագույն կրթության անմատչելիությունից...: Բայց մենք քայլ առ քայլ գնում ենք դեպի գոյություն ունեցող խնդիրների լուծումը:
Ամփոփելով`ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակից ելքի ուղիները:
-Կրկնում եմ, ես իրավիճակը փակուղային չեմ համարում: Իսկ կուտակված խնդիրների լուծմանն անհրաժեշտ է հասնել քաղաքական դաշտում երկխոսության, տարբեր ընդունելի առաջարկների ու ծրագրերի քննարկման և իրականացման ճանապարհով: Այլ մեթոդ մարդկություն չի գտել: Միանգամից, այստեղ և հիմա չի լինում:
Անդրադառնանք արտաքին քաղաքական օրակարգին`Ասոցիատիվ անդամակցություն Եվրամիությանը, թե՞ ենթադրական ինտեգրում Եվրասիական միությանը...Որքանո՞վ է համապատասխանում Ասոցիատիվ անդամակցությունը Հայաստանի շահերին, ի՞նչ կտա դա հանրապետությանը, և հնարավո՞ր է արդյոք եվրոպական տարածությանն ավելի սերտ ինտեգրման պայմաններում չմեկուսանալ եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներից:
-Իհարկե, Եվրոպական Ասոցիացիայում և Եվրասիական միությունում ինտեգրացիոն գործընթացների զուգահեռականություն ապահովել հնարավոր է, և անկախության տարիներին Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծն ապացուցել է դա: Այս ողջ տարիներին մենք խորացրել ենք Ռուսաստանի հետ գործընկերությունը`հանդիսանալով ՀԱՊԿ ակտիվ անդամ, զուգահեռաբար սերտ հարաբերություններ զարգացնելով Եվրոպայի և Արևմուտքի հետ: Բազմավեկտոր արտաքին քաղաքական ուղեգիծը բխում է Հայաստանի շահերից: Ինչ վերաբերում է ԵՄ-ին Ասոցիատիվ անդամակցությանը, ապա դա միանգամայն իրատեսական նախագիծ է, և ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական տեսակետից լիովին բխում է Հայաստանի շահերից, քանի որ ապահովում է հանրապետության ավելի սերտ ինտեգրումը եվրոպական տարածությանը: Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը հնարավոր անդամակցությանը, պետք չէ այս երկու գործընթացները հակադրել միմյանց: Մենք պետք է շարունակենք եվրասիական տարածությունում ակտիվ ինտեգրումը, քանի որ եվրասիական տարածաշրջանը տնտեսական տեսակետից շատ կարևոր է Հայաստանի համար: Եվ ընդհանրապես ճիշտ չէ երկրի արտաքին քաղաքական ուղեգիծը բաժանել արևմտամետի և ռուսամետի: Հայաստանը կանգնած է իր տեղում և ելնելեվ իր պետական շահերից`հարաբերություններ է կառուցում այս կամ այն պետության և կազմակերպության հետ: Եվ այդ հարաբերությունները չեն կառուցվում մեկը մյուսի հաշվին: Կան գերակայություններ, որոնց պետությունը հետևում է`ելնելով իր շահերից:
Գոյություն ունի կարծիքը, թե ԵՄ-ին Հայաստանի Ասոցիատիվ անդամակցության հնարավորությունը հարուցել է Ռուսաստանի խանդը, ինչի դրսևորումն է հանդիսացել գազի սակագների թանկացումը, հայ-թուրքական սահմանում վերջին միջադեպը... Ձեր կարծիքն այս առնչությամբ:
-Ես հակված չեմ կիսելու այդ կարծիքները. խանդը պետական կատեգորիա չէ: Ռուսաստանը եղել և մնում է մեր ռազմավարական գործընկերը, որն, ի դեպ, ինքն է ինտենսիվ հարաբերություններ զարգացնում միացյալ Եվրոպայի հետ:
Պրն. Շարմազանով, վերջին ժամանակնրես կրկին սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, հաճախակի են դարձել գնդակոծությունները հակառակորդի կողմից, ինչի հետևանքով երկուստեք կան զոհեր: Ինչո՞վ եք բացատրում հակառակորդի ակտիվացումն այս ժամանակահատվածում:
-Ադրբեջանում մոտենում են նախագահական ընտրությունները: Եվ, գործնականում, բոլոր ընտրություններին ընդառաջ հարևան հանրապետության ղեկավարությունը դիմում է նման սաբոտաժների`երկրի ներսում իր հեղինակությունը բարձրացնելու նպատակով. պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանում հակահայկական գաղափարախոսությունը բարձրացված է պետական քաղաքականության մակարդակի: Այդ քայլերով Բաքուն կրկին ապացուցում է, որ պատրաստ չէ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ խաղաղ բանակցություններին: