Լեռնահանքային արդյունաբերության զարգացումը հանգեցրել է Հայաստանի լանդշաֆտի փոփոխման, հաղորդել է «Թռչնասերների կենտրոն» ՀԿ ղեկավար Սիլվա Ադամյանը` հունիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում:
Փորձագետը նշել է, որ Հայաստանում հանքավայրերի մշակումը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին: «Հանքավայրեր ձեռք բերող ընկերությունները վերևներում կապեր ունեն, այդ պատճառով լեռնահանքային ոլորտում կան ակնհայտ խնդիրներ, ճնշում է գործադրվում ՀՀ բնապահպանության նախարարության նկատմամբ: Իսկ եթե խախտումներ, այնուամենայնիվ, գրանցվում են, ապա սահմանված տուգանքները չեն համապատասխանում պատճառված վնասին», - նշել է Ադամյանը:
Նրա ասելով, բյուջեի միջոցները, որոնք հատկացվում են շրջակա միջավայրի պահպանությանը, ըստ էության, նպատակին չեն ծառայում: «Կառավարությունն աննպատակ է ծախսում այդ գումարները», - ասել է բնապահպանը:
Նա նաև մտահոգություն է հայտնել Ախթալայի ԼՀԿ շուրջ առկա իրավիճակի առնչությամբ: Այսպես, մերձակա գյուղական համայնքի բնակիչները դժգոհում են պոչամբարի շահագործման հետևանքով առողջության վատթարացումից:
Ադամյանը համոզմունք է հայտնել, որ լեռնահանքային ոլորտին վերաբերող օրենսդրության խստացումը կարող էր զգալիորեն բարելավել իրավիճակը:
Ինչպես ավելի վաղ նշել են փորձագետները, այսօրվա դրությամբ Հայաստանում շահագործվում է շուրջ 450 հանքավայր, ինչը բարձր ցուցանիշ է: Միայն 2013-2014 թթ. լեռնահանքային արդյունաբերությունը «կլանել է» 1460 հա, հիմնականում` գյուղատնտեսական նշանակության հողեր: Ընդ որում պոչամբարները Հայաստանում զբաղեցնում են 1500 հա տարածք: