ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը ձգձգվում է, առաջին
հերթին, Ադրբեջանի պատճառով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ,
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը:
Նախօրեին վարչապետ Հովիկ
Աբրահամյանը լրագրողներին հայտարարել է, որ հնարավոր է Եվրասիական միությանը
Հայաստանի անդամակցության ժամկետի փոփոխություն:
«Ակնհայտ է, որ
Ռուսաստանին առայժմ չի հաջողվում փոխել
Բաքվի կոշտ դիրքորոշումը, որքան էլ որ այդ փաստը խնամքով թաքցնեն ինչպես
Երևանում այնպես էլ Մոսկվայում», - այդ առնչությամբ նշել է Սաֆարյանը:
Բացի այդ, քաղաքագետը
կարծում է, որ այսօր անդամակցելով ԵԱՏՄ-ին, Հայաստանը բեռ կդառնա «մաքսային եռյակի»
երկրների համար, ինչի մասին ասել է նաև Բելառուսի նախագահն` ապրիլին: «Լուկաշենկոն
անուղղակիորեն Ռուսաստանին մեղադրել է այն բանի համար, որ նա Հայաստանին հրում է
դեպի ՄՄ, նա նաև հասկացրել էր, որ «մաքսային եռյակի» անդամների համար նույնպես
պետք է շահավետ լինի Հայաստանի անդամակցումը ՄՄ-ին», - հայտարարել է Սաֆարյանը:
Նա նաև կոչ է արել
ուշադրություն դարձնել ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովի վերջին հայտարարությանը, ով հունիսի 23-ին Սոչիում, մասնավորապես, հայտարարել էր, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի
անդամակցումը կպահանջի բանակցություններ ԱՀԿ հետ` առևտրի կազմակերպության
գործընկեր երկրների օգտին փոխհատուցումների շուրջ:
«Դա
հավասարազոր է ԱՀԿ-ից Հայաստանի դուրս գալուն: Փաստորեն, Ռուսաստանը Հայաստանին
դրել է Արևմուտիք հետ հարաբերությունների խզման եզրին: Ստացվում է, որ մենք
ԵԱՏՄ-ից ոչինչ չենք ստանում, այլ հակառակը` վճարում ենք նաև ԱՀԿ գծով
գործընկերներին պատճառված վնասի դիմաց: Ես նաև լուրջ կասկածներ ունեմ Հայաստանին մաքսային արտոնություններ տրամադրելու
Ռուսաստանի պատրաստակամության առնչությամբ` հակառակ Սերժ Սարգսյանի հունիսի 17-ի
հայտարարությանը: Շուվալովի շուրթերից հնչած Մոսկվայի ակնարկը խոսում է այն մասին,
որ Աստանան և Մինսկը դեմ են Հայաստանին զիջումներին», - ամփոփել է Սաֆարյանը: