Հայաստանի ձկնային արտադրանքը մրցունակ չէ ռուսաստանյան
շուկայում, և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի մասնակցությունն այդ
պրոբլեմը չի լուծում: Փետրվարի 16-ին նման հայտարարությամբ է լրագրողների առջև
հանդես եկել «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ
Արթուր Աթոյանը:
Նրա խոսքով,
հանրապետությունում ձկան արտադրությունը և դրա արտահանումը դեպի ռուսաստանյան
շուկա, որն իրացման հիմնական շուկան է, կրճատվել է: Մրցակիցներն են` Թուրքիան և
Կարելիան, որոնց ձկների գներն ավելի ցածր են: Աթոյանը նշել է, որ կրճատվել է
իրացումը նաև ներքին շուկայում` պահանջարկի կրճատման հետևանքով: Ավելին, նա
համոզված է, որ պահանջարկի կրճատման պատճառով ձուկ արտադրողներն ստիպված են ներքին
շուկայում այն վաճառել ինքնարժեքից ցածր գներով: Այսօր 1 կգ Իշխանը վաճառվում է
1400 դրամով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1800 դրամի փոխարեն: Աթոյանը
նշել է, որ ձկան գները, որպես կանոն, աճում են ձմռանը, իսկ ամռանը նվազում:
Հետևաբար, ամռանը կարելի է սպասել ավելի մեծ կորուստների, հավելել է Աթոյանը: Նա
տեղեկացրել է, որ արտադրողներն ի վիճակի չեն նվազեցնել ինքնարժեքն առանց պետական
աջակցության, քանի որ 2014 թվականի սկզբին բարձրացել են ձկան կերի գները, իսկ Հայաստանի
իշխանությունները խստացրել են ջրային ռեսուրսներից օգտվելու պահանջները:
ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը նրան խնդրել է իր մտահոգությունները հաստատել
կոնկրետ թվերով, որին Աթոհյանը պատասխանել է, որ չի վստահում պաշտոնական
վիճակագրությանը: Ըստ Աթոյանի, միավորման մեջ ընդգրկված են 83 միջին և խոշոր
ձկնաբուծական տնտեսություններ, և բոլորն էլ բողոքում են արտադրության և իրացման
ծավալների կրճատումից: Դեռ անցյալ տարի Աթոյանը լրագրողներին հայտարարել էր, որ
ձկնային տնտեսությունների համար ջրի տնտեսման քաղաքականությունը, որը վարում է
Հայաստանի կառավարոթյունը, կբերի զանգվածային կրճատումների:
Սակայն,
պաշտոնական վիճակագրությունն ապացուցում է հակառակը: Այսպես, ըստ ՀՀ Ազգային
վիճակագրական ծառայության տվյալների, 2014 թվականին ձկնորսության համախառն ապրանքը
նախորդ տարվա համեմատ աճել է 24.6%, մինչև
28.650 մլն.դրամ: Իսկ Մաքսային ծառայության տվյալներով, 2014 թվականի 9 ամիսներին
Հաաստանից ձկան արտահանման ծավալն աճել է`մինչև 1.653 հազար տոննա, 2013-ի 1.410
հազար տոննայի փոխարեն: Նախորդ տարվա վերջնական տվյալները դեռ չեն ամփոփվել: