Որևէ սադրիչ գործողություն Ռուսաստանի կողմից ղարաբաղյան հակամարտությունում չկա, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը`պատասխանելով սահմանին լարվածության մեծեցմանը մեղսակցության վերաբերյալ Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքների առնչությամբ ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
ՙՌուսաստանն այստեղ ընդհանրապես կապ չունի: Այն հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, և որևէ սադրիչ գործողություն Ռուսաստանի կողմից չկա՚,- ընդգծել է դիվանագետը:
Ըստ որում, նա ավելացրել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացարձակապես խաղաղ միջոցներով:
ՙԱյն, ինչ հիմա տեղի է ունենում, չեմ կարող ասել, թե արտակարգ մի բան է. դիվերսիաներ և փոխհրաձգություններ եղել և շարունակվում են երկար տարիներ: Բայց ևս մեկ անգամ կրկնում եմ, որ թե’ ես թե’ իմ երկիրը հակամարտության`բացառապես խաղաղ միջոցներով կարգավորման կողմնակիցներ ենք՚,- ասել է Վոլինկինը: