Հայտնի է դարձել, թե ինչ փաստաթղթեր են ստորագրվելու նոյեմբերի 28-29-ը
Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովի ընթացքում:
Ինչպես հաղորդում է
«Ազատություն» ռաիոկայանը, Եվրամիությունն ավելի անորոշ ձևակերպմամբ է փոխարինել
ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու պայմանները «Արևելյան գործընկերության»
մասնակից վեց երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և
Ուկրաինայի համար:
«Արևելյան
գործընկերության» առաջիկա գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության նախագծի նախորդ
տարբերում լիովին ներառված էր ԵՄ մասին պայմանագրի 49 հոդվածը, որում ասվում է.
«Ցանկացած եվրոպական պետություն, որը հարգում է (ԵՄ) … արժեքները, պարտավորվում է
դրանք կյանքի կոչել, կարող է հայտ ներկայացնել Միությանն անդամակցելու նպատակով»:
Այժմ այն փոխարինվել է ավելի անորոշ ձևակորպմամբ այն մասին, որ «Վիլնյուսի
գագաթնաժողովի բոլոր մասնակիցները հաստատում են, որ ճանաչում են որոշ
գործընկերների եվրոպական ձգտումներն ու եվրոպական ընտրությունը և հաստատուն
ժողովրդավարական հասարակություն կառուցելու նրանց պարտավորությունը»:
Մեկնաբաններն այդ
փոփոխությունը գնահատում են որպես հարված ԵՄ ընդլայնման կողմնակիցների` Լեհաստանի և Շվեդիայի դիրքերին, որոնք
ակնկալում էին, որ Վիլնյուսի գագաթնաժողովը նոր խթան կհաղորդի «Արևելյան
գործընկերության» վեց երկրների մերձեցմանը Եվրամիության հետ: Կարծիք կա, որ
ձևակերպման փոփոխությունից շահել են Գերմանիան, Ֆրանսիան և Նիդիերլանդները, որոնք
թերահավատորեն են վերաբերվում ԵՄ հետագա ընդլայնմանը: Հայտարարության նախագիծն
այժմ ուսումնասիրելու են «Արևելյան գործընկերության» երկրները, որոնք կարող են
առաջարկել սեփական փոփոխություններն ու լրացումները տեքստում: