Օլիգարխներն ու կոռուպցիան Հայաստանի ազգային
անվտանգությանն, անկասկած, ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան Թուրքիան ու
Ադրբեջանը միասին վերցրած: Այսօր Կովկասի ինստիտուտում կայացած քննարկումների
ընթացքում նման կարծիք է արտահայտել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի
տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
«Կարծում եմ, որ
այդ առումով ժամանակավրեպ է Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը դիտարկել
որպես նրա բոլոր դժբախտությունների հիմնապատճառ: Այսօր էլ դրական տեղաշարժեր կան
Երևանի և Բրյուսելի հարաբերություններում: Արդեն անցել է այն ժամանակահատվածը, որն
անհրաժեշտ էր եվրոասոցացումից հրաժարվելուց հետո Հայաստանի խաթարված
հեղինակությունը վերականգնելու համար: Անկասկած, Եվրասիական տնտեսական միությանն
անդամակցվելը Հայաստանի համար քայլ էր դեպի ետ: Սակայն, իմ կարիծքով սխալ է Երևանի
և Բրյուսելի հարաբերությունների վրա ժամանակից շուտ խաչ քաշելը»,-նշել է
վերլուծաբանը:
Կիրակոսյանն
ընդգծել է, որ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ամրապնդմանը խթան
կարող է հանդիսանալ հայ-թուրքական սահմանի բացումը և Անկարայի հետ դիվանագիտական
հարաբերությունների հաստատումը: Այնուամենայնիվ, նրա կարծիքով, չնայած այն սխալ
քայլերին, ինչպիսին, օրինակ, ՄԱԿ-ի ԱԽ-ում Հայաստանի քվեարկությունն էր`
Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում, ինչպես նաև դեպի Ղրիմ օդային
չվերթների իրականացման համաձայնությունը, օգտվելով «չեչենական ավիաընկերության»
ծառայություններից, Հայաստանը կարող էր իր ռազմավարական կարևոր կարգավիճակը
պահպանել տարածաշրջանում: «Դա հատկապես վառ ձևով արտահայտվեց Գերմանիայի ԱԳՆ
ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի Հայաստան կատարած այցի ընթացքում»-եզրափակել է
վերլուծաբանը: