ՀՀ
Ոստիկանությունը` Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների ձերբակալության և քրեական
գործի հարուցման կապակցությամբ հանդես է եկել պարզաբանումներով: Ոստիկանության
հայտարարության մեջ, մասնավորապս, ասված է.
«Փետրվարի 12-ին, ժամը
18.15-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 7/1 հասցեի մոտակայքում` մայթին, մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության` անցորդների, փողոցով երթևեկող անձանց նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով, կատարել են խուլիգանություն:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով
13.02.2014թ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ինչ վերաբերում է լրագրող Անի Գևորգյանի այն հայտարարությանը, թե իր նկատմամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարվել են անօրինական գործողություններ, ապա ՀՀ ոստիկանության պետի կողմից այդ առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել ՀԱԿ
ակտիվիստների կողմից թռուցիկներ բաժանելու ընթացքում, որոնք կոչ էին արել
մասնակցել մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին: Ակտիվիստներին փորձ են արել
խոչընդոտել մի խումբ անձինք, սակայն ոստիկանների կողմից բերման են ենթարկվել միայն
ՀԱԿ ակտիվիստները: Ինչպես պարզվել է, խոչընդոտող անձանց մեջ եղել են ՀՀԿ անդամներ,
մասնավորապես, Հայկ Ղևոնդյանը, որը հանդիսանում է Հայաստանի Ագրարային համալսարանի
ուսանողական խորհրդի նախագահը, Դանիել Հայրապետյանը` նույն համալսարանի ուսխորհրդի
անդամ և Գևորգ Սողոմոնյանը` ՀՀԿ երիտասարդական խորհրդի անդամ:
Համացանցում
նույնպես տեսանյութ է հայտնվել, որտեղ լրագրողուհի Անի Գևորգյանի հանդեպ կիրառվում
է բռնություն: Լրագրողուհու խոսքերով, ոստիկանները խլել են նրա տեսախցիկը, իսկ
բաժանմունքի պետը նրան հարվածել է: