Մարտի 22-ին, ցերեկը, Երևանում մեկնարկել է կենսաթոշակային կուտակային
պարտադիր համակարգի ներդրման դեմ հանրահավաքը, որը կազմակերպել է «Դեմ եմ»
քաղաքացիական նախաձեռնությունը:
Ինչպես դեպքի վայրից
հաղորդում է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը, Ազատության հրապարակում հավաքվել է
շուրջ 5-6 հազար մարդ: Բացելով հանրահավաքը, նախաձեռնության անդամներից մեկն իր
բավարարվածությունն է արտահայտել քաղաքացիների ակտիվության առնչությամբ, որոնք
հավաքվել են մեկ հստակ գաղափարի շուրջ: Նրա խոսքով, երբ խոսքը գնում է Հայաստանի
քաղաքացիների շահերի պաշտպանության մասին, ապա ցանկացած կուսակցական
պատկանելիություն, ինչպես նաև քաղաքական բոլոր տարաձայնությունները պետք է մղվեն
ետին պլան:
Նշենք, որ հարթակի վրա են
Հայաստանի խորհրդարանական ոչ իշխանական 4 խմբակցությունների` Հայ Ազգային
Կոնգրեսի, «Դաշնակցություն», «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն»
կուսակցությունների ներկայացուցիչները: Այստեղ է նաև ՀԱԿ-ից ընտրված ԱԺ պատգամավոր
Նիկոլ Փաշինյանը:
Այսօրվա հանրահավաքը
կավարտվի Երևանի կենտրոնական փողոցներով կազմակերպված երթով, որից հետո
բողոքողները կրկին կհավաքվեն Ազատության հրապարակում, որպեսզի ամփոփեն
արդյունքները և նախատեսեն հետագա քայլերը:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային
կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվեց 2011 թվականի
հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից ներդրվեց դրա պարտադիր բաղադրիչը:
Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի
քաղաքացիները: «Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին» օրենքի համաձայն, բազային
նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ
հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի 150%-ը:
Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև
պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել):
Հիշեցնենք,
որ ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 24-ին կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների
մասին» ՀՀ օրենքի որոշ կետերի գործողությունը, մինչև օրենքի 8 հոդվածների
սահմանադրության հետ համապատասխանության հարցի քննարկման ավարտը: Մասնավորապես,
կասեցվեց է օրենքի 76 հոդվածի գործողությունը, որով պատասխանատվության միջոցներ
էին նախատեսվում կենսաթոշակային վճարների չկատարման կամ ուշացման համար, ինչպես
նաև 86 հոդվածի երրորդ մասի գործողությունը, որի համաձայն, կենսաթոշակային
կուտակային պարտադիր կոմպոնենտի մասնակիցները պետք է ընտրեն կենսաթոշակային
հիմնադրամին և կառավարչին: Գործի դատավարությունը կավարտվի 2014 թվականի մարտիւ
28-ին: Նշենք, որ նշված օրենքի 8 հոդվածների`երկրի սահմանադրությանը
չհամապատասխանելու վերաբերյալ հայցը ներկայացվել է ՀՀ խորհրդարանի ոչ իշխանական
խմբակցությունների ` Հայ Ազգային Կոնգրեսի, ինչպես նաև «Դաշնակցություն» և
«Ժառանգություն» կուսակցությունների կողմից: