ԲՀԿ քաղաքական գիծը հասկանալի է ընտրողներին, և մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչ ակնկալել ԲՀԿ-ից: Այդ մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը ապրիլի 16-ի մամուլի ասուլիսում:
Նրա ասելով, ոչ կուսակցությունը, ոչ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը անխզելիորեն կապված չէին որևէ քաղաքական ուժի հետ, որպեսզի դա կարողանար խոչընդոտ դառնալ նրա ինքնուրույն գործունեության ճանապարհին:
Ուրիխանյանը մեկնաբանել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում բուրժուադեմոկրատական հեղափոխության ապահովումը ՀԱԿ գերակայությունն է: Ավելին, Կոնգրեսի առաջնորդը հայտարարել է, թե Գագիկ Ծառուկյանը, դուրս գալով կոալիցիայից, չսատարելով Սերժ Սարգսյանին ընտրություններում, նպաստում է վարչակազմի դեմ պայքարին: Ուրիխանյանն իր հերթին ընդգծել է, թե ինչպես 8 տարի առաջ, այսօր էլ ԲՀԿ-ն կարծում է, որ Հայաստանին հարկավոր է հեղափոխություն, սակայն` գիտության, գյուղատնտեսության ոլորտում և այլ հիմնական ուղղություններով:
Պատգամավորը նաև ավելացրել է, թե ԲՀԿ հարաբերություններ է կառուցում ՀԱԿ և մյուս քաղաքական ուժերի հետ` ընդհանուր շահերի շուրջ, որոնք տեսանելի են ընտրողներին: Այդ համատեքստում Ուրիխանյանը նշել է, թե իրեն հայտնի չեն ԲՀԿ և ՀԱԿ միջև ֆինանսական կապերի մասին լուրերի աղբյուրները: