Հունվարի 15-ին, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը փառատոնի 10-րդ տարեդարձի հոբելյանական հուշամեդալով պարգևատրեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, ի նշան երախտիքի՝ դեսպանության կողմից այս փառատոնին ցուցաբերած օժանդակության:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է դեսպանության մամուլի ծառայությունից, իր խոսքում դեսպանը մեծ պատիվ համարեց փառատոնի հուշամեդալը ստանալը և հավաստիացրեց, որ դեսպանությունը այսուհետ ևս կշարունակի օժանդակել այս փառատոնին: Ամեն տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մեկ օր է հատկացնում ֆրանսիական կինոյին: Ֆրանսիական կինոյի այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Ֆաննի Արդանը և Շառլ Ազնավուրը իրենց ներկայությամբ պատվել են այս փառատոնը: Դեսպանը նաև հիշատակեց ֆրանսիական և հայկական կինոն միավորող այնպիսի գործիչների, ինչպիսիք են Անրի Վեռնոյը, Ռոբեր Գեդիկյանը, Սերժ Ավեդիկյանը և այլոք, և թվարկեց Ֆրանսիայի դեսպանության կողմից կինոյի բնագավառում ցուցաբերած նախաձեռնությունները, որոնցից են կարճամետրաժ ֆիլմերի «Ամենակարճ օրը» փառատոնը, Ֆրանսիական կինոյի հինգշաբթիները, դեսպանության ակտիվ մասնակցությունը Ռեանիմանիա և ԿԻՆ փառատոններին: