ԱՄՆ
Սենատի արտաքին հարցերի կոմիտեում Հայոց
ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման պատճառներից մեկն Անկարայի և Վաշինգտոնի միջև փչացած
հարաբերություններն են: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել
ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի
կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Կարծում եմ, որ բանաձևի ընդունման օգտին քվեարկած սենատորների
վրա քիչ ազդեցություն չի գործել Թուրքիայի քաղաքականությունը, հասկանալի է, որ
բազմաթիվ կարևոր տարածաշրջանային խնդիրների առնչությամբ Անկարայի կամակոր
վարքագիծը չի կարող դուր գալ ԱՄՆ խորհրդարանականներին: Միևնույն ժամանակ, ես չեմ
կարծում, թե բանաձևի ընդունմամբ Վաշինգտոնի վարչակազմը ցանկանում է պատժել
Անկարային, քանի որ, ի տարբերություն սենատորների, Օբամայի վարչակազմը որոշ
դիմադրություն է ցույց տվել բանաձևի ընդունմանը», - նշել է Մանոյանը:
Նա նաև ընդգծել է, որ վերջին 25 տարում առաջին անգամ
բանաձևի ընդունմանը հանգեցրած գործոններից հարկ է նշել հատկապես սփյուռքահայ
կառույցների, և, մասնավորապես, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տքնաջան աշխատանքը:
«Ակնհայտ է, որ Սենատում փոխվել է մթնոլորը` Հայոց ցեղասպանության ճանաչման
նկատմամբ վերաբերմունքի առումով: Մեզ ոգեշնչում է նաև այն հանգամանքը, որ բանաձևը
պաշտպանել են ինչպես հանրապետականները, անպես էլ դեմոկրատները: Կարծում եմ, որ այս
անգամ ԱՄՆ սենատորների նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի», - ամփոփել է
դաշնակցականը:
Հիշեցնենք, ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի կոմիտեն ընդունել է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև, որը Վաշինգտոնին կոչ է անում իր արտաքին քաղաքականության մեջ հաշվի առնել Ցեղասպանության դասերն ու հետևանքները: Ներկայացնելով փաստաթուղթը, Կոմիտեի ղեկավար, սենատոր Մենենդեսը, մասնավորապես, հայտարարել է. «Ցեղասպանությունը դա ցեղասպանություն է, և դրան երբեք չի կարելի մեկ այլ անուն տալ, և բոլորը պետք է ճանաչեն այն, հատկապես մարդկության դեմ կատարված այդ հանցագործության 100-ամյակի նախաշեմին»: Նշենք, որ բանաձևն ընդունվել է 12 «կողմ» ձայներով, «դեմ» քվեարկել է ընդամենը 5 սենատոր: