ՙՈսկե ծիրան՚ 10-րդ միջազգային փառատոնն ավարտում է աշխատանքը: Հաղթողների անունները դեռ չեն նշվել, և առայժմ հանդիսատեսները գուշակում են, թե ում բաժին կընկնի գլխավոր մրցանակը, ռեժիսորները լրագրողների կետ կիսում են իրենց մտքերն ու գաղտնիքները:
Այսպես, Մարգարեթե ֆոն Թրոտան նշել է, որ ավելի շուտ վանք կգնա, քան կդառնա կինոքննադատ: Ռեժիսորին կարելի է հասկանալ. նրա ՙՀաննա Արենդտ՚ ֆիլմի շուրջ ծավալվել է, ինչպես ինքը` ֆոն Թրոտան է ասում, դարի ամենաբուռն քննադատությունը, որը նրան ստիպել է նյարդայնանալ: Մարգարեթե ֆոն Թրոտայի գործընկեր Յոս Սթելինգը կիսել է իր ապրումներն այն առնչությամբ, որ ռուսները մոտ չեն թողնում իրենց գրական հերոսներին: Ռեժիսորի տարակուսանքն է հարուցել նաև բանավեճն այն հարցի շուրջ, թե արդյոք ինքը կարող է հասկանալ ռուսական ոգին: Բավականաչափ հակասական կարծիքներ լսելով իր նոր ՙԱղջիկն ու մահը՚ ֆիլմի թողարկումից հետո, որի նկարահանմանը մասնակցել են Սերգեյ Մակովեցկին և Ռենատա Լիտվինովան, Սթելինգը որոշել է զինվել հումորով և ապրումներ չունենալ այդ առնչությամբ:
Իր ստեղծագործական գաղտնիքները որոշել է բացահայտել նաև սլովակ ռեժիսիոր Միրա Ֆորնեյը: Նրա խոստովանությամբ, ինքը սիրում է աշխատել ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ, քանի որ իր համար շատ ավելի կարևոր են դեմքի կնճիռներն ու աչքերի արտահայտությունը, քան` դերասանական դպրոցը: Նրա գործընկեր Մարիա Սահակյանն իր հերթին դժգոհել է, որ ռեժիսորը կանացի մասնագիտություն չէ, քանի որ չի կարելի կինո նկարահանել` լինելով նուրբ և հուզիչ: Ամենաաղմկալին Արտավազդ Փելեշյանի խոստովանությունն է, ում 75-ամյա հոբելյանը նշվեց փառատոնի շրջանակում. ՙՆախկինում ես խիտ մազեր ունեի, բայց սանր չունեի, այժմ սանր ունեմ, սակայն մազ չունեմ՚:
Հետաքրքիր էր ՙԻնտիմ մասեր՚ ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Չուպովի կարծիքն այն մասին, թե ում օգնությամբ է այսօր արտասահմանում պատկերացում կազմվում հայկական մշակույթի մասին: ՙՆախկինում այն ստեղծվում էր Փելեշյանի և Փարաջանովի, (համադամասերների համար), Քեոսայանի և Շահնազարովի (ավելի լայն զանգվածների համար) ստեղծագործության հիման վրա: Այժմ այդ տեղն զբաղեցրել են Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը, ռեժիսորներ Սարիկ Անդրեասյանը (լայն զանգվածների համար) և Մարիա Սահակյանը (համադամասերների համար)՚, - ասել է նա:
ՙՈսկե ծիրան՚ 10-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 7-ին: Հոբելյանական կինոփառատոնում ներկայացվեց 200 ֆիլմ, որոնցից 90-ը ներառված էր մրցութային ծրագրում: ՙԽաղարկային կինո՚ անվանակարգում հաղթանակի համար պայքարում են Նիկոս Կորնիլիոսի ՙ11 հանդիպում հորս հետ՚ (Հունաստան), Բորիս Խլեբնիկովի ՙԵրկար, երջանիկ կյանք՚ (Ռուսաստան), Եշիմ Ուստաօղլուի ՙՄեջտեղում ինչ-որ տեղ՚ (Թուրքիա/Ֆրանսիա/Գերմանիա), Սրջան Գոլուբովիչի ՙՊարունակներ՚ (Սերբիա/Գերմանիա/Ֆրանսիա/Խորվաթիա/Սլովենիա), Ռենե Հաուվենի ՙՀերոին՚ (Նիդելանդներ), Մարիա Սահակյանի ՙԱյդ ես չեմ՚ (Հայաստան/Ռուսատան/Դանիա), Միրա Ֆորնայի ՙԻմ մարդասպան շունը՚ (Սլովակիա/Չեխիա), Մաջիդ Բարզեգարի ՙՓարվիզ՚ (Իրան), Աննա Նովիոնի ՙՀանդիպում Կիրունայում՚ (Ֆրանսիա), Պետեր Բրոզանսի և Ջեսիքա Վուդուորթի ՙՀինգերորդ եղանակ՚ (Բելգիա/Ֆրանսիա/Նիդերլանդներ), Վիգեն Չալդրանյանի ՙՁայն լռության՚ (Հայաստան), Մաչեյ Ադամեկի ՙԼուսանկարը՚ (Լեհաստան/Գերմանիա/Հունգարիա) և Սանհուն Փարկի ՙՍոսկ կյանքը՚ (Հարավային Կորեա) ֆիլմերը: