“Արդշինինվեստբանկը” մտադիր է ձեռք բերել Արցախի ներդրումային հիմնադրամի բաժնեթղթերը` նոր մոտեցումներով հիփոթեքային վարկավորման ծրագրին մասնակցելու նպատակով: Այդ մասին հայտարարել է “Արդշինինվեստբանկ” փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը օգոստոսի 15-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ հանդիպման
ժամանակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը տնտեսության զարգացման գործում կարևորել է բանկային ոլորտի գործունեությունը և ընդգծել բանկային պորտֆելով երկրորդ դիրքն ունեցող “Արդշինինվեստբանկի” նշանակալի դերը Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում: “Արդշինինվեստբանկի” վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Արցախի վարկառուները իրենց լավագույն հաճախորդներն են: Բանկի կառավարչությունը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը և հանդես է եկել նոր առաջարկություներով: Մ. Գրիգորյանը տեղեկացրել է սպառողական վարկավորման տոկոսադրույքների նվազեցման վերաբերյալ բանկի կայացրած վճռի մասին: Քննարկվել են նաև ձեռք բերված նոր պայմանավորվածություններին առնչվող հարցեր:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի տվյալներով, ըստ
ակտիվնեի չափի` Արդշինինվեստբանկը 2014 թվականի հուլիսի 1-ի
դրությամբ 3-րդ դիրքն է զբաղեցնում` 275.4 մլրդ դրամ, 18% տարեկան աճ: Դրանց
կառուցվածքում վարկային ներդրումների բաժինը գերազանցում է 65%-ը` 186.3 մլրդ դրամ
(4-րդ տեղ), II եռամսյակում 7,2% աճ` 20,3% տարեկան աճի պայմաններում: Տնտեսության
վարկավորման գծով բանկն զբաղեցնում է 4-րդ դիրքը` 129.1 մլրդ դրամ (բանկի վարկային
պորտֆելի 69,3%), եռամսյակային աճը 12%` 32,3% տարեկան աճի պայմաններում: Բանկի
վարկային պորտֆելում հիփոթեքին բաժին է ընկնում 4,7% կամ 8.4 մլրդ դրամ (8-րդ
տեղ), եռամսյակային աճը կազմել է 8,2%` 77% տարեկան աճի պայմաններում: Սպառողական
վարկավորման գծով բանկն զբաղեցնում է 4-րդ դիրքը`46.8 մլրդ դրամ (բանկի վարկային
պորտֆելի 26,1%), 1-ին կիսամյակում աճը կազմել է 12,8%: 2014 թվականի առաջին
կիսամյակն Արդշինինվեստբանկն ավարտել է 2.8 մլրդ դրամ զուտ շահույթով (3-րդ դիրք)`
36,2% տարեկան աճի պայմաններում: Ըստ մասնաճյուղային ցանցի ընդգրկման բանկը
պահպանում է երկրորդ դիրքը, ունի 55 ստորաբաժանում, որոնցից 6-ը ԼՂՀ-ում: