Իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանը և Արթուր Սաքունցը դադարեցնում են իրենց գործունեությունը Զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերի քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խմբում:
Իրավապաշտպանների համատեղ հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ դրա պատճառը Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության կողմից Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, իրենց կրածիքով, ակնհայտ ապօրինի որոշումն է: Նրանք կարծում են, որ այդ որոշումը կայացվել է ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի անմիջական ուղղորդմամբ և հսկողությամբ:
ՙՆախաքննության փուլում աղմկահարույց քրեական այս գործով Պաշտպանության նախարարության քննչական ծառայության կողմից քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ավելի է խորացնում, արդեն իսկ առկա, հանրության անվստահությունը ի պաշտոնե վերահսկողություն իրականացնող ՀՀ Զինվորական դատախազության նկատմամբ: Հանրության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող այս գործով ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի միակողմանի հրապարակային ելույթները վստահություն չեն ներշնչում ՀՀ Զինված ուժերում մահվան դեպքերին առնչվող քրեական գործերի օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրման համար՚, - ասվում է իրավապաշտպանների համատեղ հայտարարությունում: