Էմբարգոն վերացնելուց հետո վրացական գինիները ռուսական շուկայում կնեղեն հայկական գինիներին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտնել է Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Ծրագրվում էր, որ առաջիկա 5 տարիներին հայկական գինիների արտահանումը Ռուսաստան կաճի 3 անգամ, սակայն աճի տեմպերը, հաստատ, կլինեն ավելի փոքր: Հայաստանից գինիների արտահանումն 2012 թվականին աճեց 60%, մինչև 1.185 մլն.լիտր, 2011 թվականի 744 մլն.լիտրի փոխարեն, և այդ ծավալների մոտ 75%-ն իրացվել է Ռուսաստանում: Մի քանի տարի առաջ արտահանումը կազմում էր 500 հազ.լիտր:
Հարությունյանը նշել է, որ մինչև էմբարգոն Ռուսաստանում ամեն տարի վաճառվում էր 50-55 մլն.շիշ վրացական գինի, իսկ վրացական գինու գործարանների ներուժը կազմում է 15-20 մլն.շշից ոչ ավելի: Սա խոսում է այն մասին, որ արտադրանքի մեծ մասը կեղծվում էր կամ Վրաստանում, կամ էլ Ռուսաստանում: Վերջին տարիներին վրացական գինեգործները ներգրավեցին խոշոր ներդրողների: ՙԱյժմ նրանք ռուսական շուկա դուրս կգան ավելի լավ որակով, որը կգերազանցի հայկական գինիների որակը, իսկ գները կլինեն միատեսակ: Հայաստանը պետք է լրացուցիչ ներդրումներ ներգրավի գինու գործարանների արդիականացմանը, որպեսզի դիմանա մրցակցությանը՚,-ասել է Հարությունյանը: Նա հավելել է, որ կանցնի ևս 1-2 տարի, մինչև վրացական գինիները կրկին ճանաչում կգտնեն Ռուսաստանում և կհաստատվեն շուկայում:
Նա նշել է նաև, որ վրացական գինիների նկատմամբ արգելքն սպասվում է, որ կհանվի 2013 թվականի հունիսին: Հարությունյանի գնահատականներով, Ռուսաստանի գինու շուկայի ծավալը կազմում է տարեկան 1.2 մլրդ.շիշ: