Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումն էապես չի ազդի ԱՄՆ հետ հարաբերությունների և տարածաշրջանում ԱՄՆ այլ շահերի վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ՙԱզատություն՚ ռադիոկայանի հետ հարցազրույցում:
ՙԱՄՆ - Հայաստան հարաբերությունները հիմնված են մեր փոխադարձ շահերի վրա, որը, անկեղծ ասածª Հայաստանի հաջողությունն է: Իհարկե, մենք տարածաշրջանում այլ շահեր ևս ունենքª Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում, Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացում, հաշտեցում, և այլ շահեր: Իրանը նույնպես դրանց թվում է: Դրանք Միացյալ Նահանգների շահերն են, որոնք մեզ համար խորապես կարևոր են, սակայն ես չեմ կարծում, որ տեղի ունեցածը որևէ կերպ ազդում է տարածաշրջանում մեր այլ շահերի վրա: Կարծում եմ, ամենամեծ հարցը հնարավոր ազդեցությունն է Հայաստանի ներքին բարեփոխումների վրա՚, - նշել է դեսպանը:
Հեֆերնն ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարները թե հրապարակավ, և թե մասնավոր զրույցներում ԱՄՆ-ին և ԵՄ-ին վստահեցրել են, որ մտադիր են շարունակել բարեփոխումների գործընթացը: ՙԵվ մենք շարունակելու ենք հնարավորինս խթանել, առաջ մղել, խրախուսել և աջակցել այս պրոցեսը՚, - ասել է նա: ՙՀայաստանն ինքն է ընտրում իր ուղինª լինելով սուվերեն պետություն, և մենք էլ շարունակելու ենք անել այն, ինչ անում էինք՚, - ավելացրել է դեսպանը:
Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կառավարությունները սուր քննադատության են ենթարկվել Վաշինգտոնի կողմից մարդու իրավունքները չպահպանելու համար: Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվիստները կարծում են, որ այդ միությանն անդամակցելը Հայաստանին ոչ մի լավ բան չի խոստանում ժողովրդավարության առումով:
Հեֆերնը հայտարարել է, թե Սարգսյանի կառավարությունն ՙիրական բարեփոխումներ է իրականացնում որոշ հիմնական հատվածներում՚, ինչպես` պետական գնումները: Սակայն, նրա ասելով, պետք է ավելին անել կոռուպցիայի դեմ պայքյարի, օրենքի գերակայության, երկրում բիզնես միջավայրի բարելավման համար: ՙՊետք է հավասար պայմաններ ստեղծվեն օտարերկրյա և հայրենական ներդրողների համար՚, - ասել է նա:
Սեպտեմբերի 2-ին, այն բանից մեկ օր առաջ, երբ Մաքսային միությանն անդամակցելու մասին անսպասելի հայտարարությամբ Սերժ Սարգսյանը, փաստորեն, չեղյալ հայտարարեց Եվրամիության հետ նախկին պայմանավորվածությունները, Հեֆերնը ողջունել էր ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր նախաստորագրելու Երևանի ծրագրերը: ՙԵս անկեղծորեն ասել եմ, որ ԵՄ-ի հետ Ասոցացման գործընթացը օգտակար կլինի Հայաստանի համար: Եվ ես դա պատահաբար չեմ արել, որովհետև ես համոզված եմ եղել, և շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ արևմտյան գործընկերները օգտակար կլինեն Հայաստանի համար, և դեպի Եվրամիություն ճանապարհը կարող էր լինել այն ուժը, որը Հայաստանին կտաներ ճիշտ ուղղությամբª ժողովրդավարության, կառավարման և օրենքի գերակայության ոլորտներում: Ես այժմ էլ մնում եմ այդ կարծիքին: Բայց մյուս կողմից, Հայաստանն ինքն է ընտրում իր ուղին, և Մաքսային միությունում չկա որևէ բան, ինչը կխանգարեր Հայաստանին կատարելու բոլոր կարևորագույն ոլորտներում այն բարեփոխումները, որ հրապարակավ խոստացել են իրականացնել երկրի նախագահը, վարչապետը և մյուսները՚, - հայտարարել է ԱՄՆ դեսպանը: