Երևանի Օրհուս-կենտրոնում տեղի են ունեցել քննարկումներ, նվիրված Ամուլսարի հանքավայրի շահագործմանը: Քննարկումներին մասնակցել են բնապահպաններ, կանաչ ակտիվիստներ, «Գեոթիմ» և Lydian International ընկերությունների, ՀՀ բնապահպանության և էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչներ:
Քննարկումների ընթացքում ակտիվիստներն իրենց մտահոգություններն են արտահայտել հանքավայրի շահագործման հետ կապված բնապահպանական ռիսկերի կապակցությամբ: Մասնավորապես, իրավաբան, կանաչ ակտիվիստ Արթուր Գրիգորյանն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ հանքավայրը գտնվում է Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների միջև: Բացի այդ, Ամուլսարը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում: Մտահոգում է նաև այն, որ հանքավայրը գտնվում է Սևանի ավազանում, որտեղ, ըստ օրենսդրության, արգելված է տնտեսական գործունեությունը, եթե այն կարող է ռիսկեր ներկայացնել Սևանին:
Իր հերթին, «Հայաստանի անտառներ» ՀԿ ղեկավար Նազելի Վարդանյանն ուշադրություն է հրավիրել, որ հանքավայրից 5 կմ հեռավորության վրա են գտնվում Սարավան և Գնդեվազ համայնքները, նրանց այգիները և արոտավայրերը: Այսպիսով, նրա կարծիքով, լեռնահումքային թափոնների մեջ պարունակվող վտանգավոր տարրերը կարող են ներթափանցել սննդի շղթաներ: Նա գտնում է, որ օգտակար հանածոների ստացման նպատակով իրականացվող պայթյունները կարող են բացասականորեն ազդել Ջերմուկի հանքային ջրերի ստորգետնյա աղբյուրների վրա, անգամ նպաստել դրանց վերացմանը:
«ԷկոԼուր» ՀԿ ղեկավար Ինգա Զառաֆյանը, մասնավորապես, բացասական գնահատական է տվել կառավարության որոշմանը, որով Ամուլսարի ծրագրի տարածքում աճող Կարմիր գրքում գրանցված Մատնունի ծիրանավոր (Potentilla porphyrantha) բույսը կտեղափոխվի հանքի տարածքից: Նրա կարծիքով, դա հակասում է «Բուսական աշխարհի մասին» և «Ընդերքի մասին» ՀՀ օրենքների դրույթներին:
Իսկ Lydian International ընկերության փոխնախագահ Դիդյե Ֆոլենը (Didier Fohlen) լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը կիրականացվի ոլորտի համաշխարհային լավագույն փորձին համապատասխան: «Հայաստանն առաջին երկիրը չէ, որտեղ սեյսմիկ գոտում հանքավայր է շահագործվում: Մենք կարող ենք հստակորեն մոդելավորել սեյսմիկ երևույթները, ապահովելով հանքավայրի անվտանգություը: Մենք վստահ ենք, որ հանքավայրի շահագործման վրա բացասականորեն անդրադարձող վտանգավոր երևույթներ չեն սպասավում»,-հայտարարել է նա:
Նա նաև նշել է, որ Ամուլսարում կկիրառվի կույտային տարրալվացման տեխնոլոգիա, որը ենթադրում է քիմիական տարրերի ավելի քիչ օգտագործում (ի տարբերություն մյուս տեխնոլոգիաների): Կա ևս մեկ առավելություն – դա փակ արտադրական ցիկլն է, որը չեզոքացնում է ծանր մետաղների շրջակա միջավայր ներթափանցելու հավանականությունը:
Դիդյե Ֆոլենը նաև հավաստել է, որ բնապահպանական հետազոտությունների արդյունքում, որոնց վրա ընկերությունն ընդհանուր հաշվով ծախսել է մոտ 5 մլն.դոլար, բացահայտվել է, որ Սևանի, ինչպես նաև Ջերմուկի հանքային ջրերի վրա բացասական ազդեցույթուն չի լինի:
Ինչ վերաբերվում է Մատնունի ծիրանավոր բույսին, ապա նշվել է, որ ընկերությունը դրա պահպանման ուղղությամբ միջոցառումներ է իրականացնում: «Մենք քննարկումներ ենք իրականացնում Բուսաբուծության ինստիտուտի և Քեմբրիջի համապատասխան ինստիտուտի ներկայացուցիչների հետ և որոշել ենք մոտ 700 հազար դոլար ծախսել դրա պահպանմանը, իսկ անհրաժեշտության դեպքում այն տեղափոխել մեկ այլ վայր: Նման փորձ աշխարհում կիրառվոււմ է»,-ասել է նա:
Նշենք, որ Lydian International ընկերությունը հիմնվել է Մեծ Բրիտանիայում, 2005 թվականին, հանդիսանում է Գեոթիմ ՓԲԸ միակ բաժնետերը, որը լայնամասշտաբ երկրաբանա-հետախուզական աշխատանքներ է իրականացնում 2006թ-ից և ինքն էլ ձեռնամուխ կլինի հանքավայրի շահագործմանը: 2006 թվականից երկրաբանական հետախուզական աշխատանքներին ուղղված ներդրումներն արդեն կազմել են 70 մլն. դոլար: Ընկերության հիմնական բաժնետերերն են միջազգային ինստիտուցիոնալ ներդրողները` IFC, EBRD և Newmont Mining Corporation-ը: Lydian ընկերությունը նախատեսում է 2015-2016 թվականներին Ամուլսարի կապիտալ ներդրումները հասցնել 426 մլն. դոլարի:
Ըստ նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումների, ոսկու հաստատված պահուստները հանքավայրում կազմում են 2.5 մլն.ունցիա:, արդյունահանվող պահուստները` 2.1 մլն.ունցիա: Հանքավայրի շահագործման ժամկետը կազմում է 10 տարի ու 4 ամիս: Նախատեսվում է տարեկան միջին հաշվով ստանալ 200 հազար ունցիա ոսկի (10 մլն.տոննա հանքանյութ): Մեկ ունցիա ոսկու ստացման նվազագույն ծախսերը կազմում են 642 դոլար: Ոսկու ստացման ընդհանուր ցուցանիշը կազմում է 84%: Իր պահուստներով Ամուլսարի հանքավայը երկրորդն է Հայաստանում: Շինարարական աշխատանքների փուլում ծրագրին կընդգրկվի մինչև 1500 մարդ, հիմնականում մերձական համայքներից և Հայաստանի մյուս քաղաքներից: Իսկ հանքավայրի շահագործմանն առաջիկա 10 տարիներին կընդգրկվի 700 աշխատող: