Ոստիկանության կողմից բերման ենթարկված` ՙՎճարում ենք 100 դրամ՚ շարժման 2 ակտիվիստները ոստիկանության բաժանմունքում կանցկացնեն 3 ժամ, գույքը փչացնելու համար կենթարկվեն վարչական տույժի, որից հետո ազատ կարձակվեն: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նշենք, որ ավելի վաղ ակտիվիստները տարածել էին հայտարարություն, որ ՙՎճարում ենք 100 դրամ՚ շարժման 4 մասնակիցներ բերման են ենթարկվել Երևանի ոստիկանության բաժանմունք: ՙՈստիկանությունն առևանգել է Վահե Գևորգյանին, Վահագն Մինասյանին, Գոռ Առաքելյանին, Սևակ Մամյանին՝ չներկայացնելով որևէ իրավական հիմնավորում՚,-նշել է ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը:
Ակտիվիստը նշել էր, որ երիտասարդները բերման են ենթարկվել այն բանից հետո, երբ ակցիա են իրականացրել վճարովի կայանատեղիների մոտ: ՙՄասնավորապես, նրանք կարմիր ներկերով նախշել են կայանատեղիների համար նախատեսված վայրերը, որից 15 րոպե անց բերման են ենթարկվել: Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ Սևակից, սակայն ոստիկանությունը խլել էր նրա հեռախոսը, թույլ չտալով շարունակել խոսակցությունը՚,-հայտարարել էր Ենոքյանը:
Նշենք, որ ՙՎճարում ենք 100 դրամ՚ շարժումը ձևավորվեց հասարակական տրանսպորտի ուղեվարձերը 50% բարձրացնելուց հետո, որից հետո, բազմաթիվ ացիաների շնորհիվ քաղաքապետարանի որոշումը կասեցվեց: Սակայն դա էլ չբավարարեց ակտիվիստներին, որոնցից երեքը` Վահագն Մինայանը, Սուրեն Սահակյանը և Գոռ Առաքելյանը պիկետ կազմակերպեցին, պահանջելով պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ղեկավար Հենրիկ Նավասարդյանին և ՙերևանտրանս՚ ՍՊԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին: