Այն կարծիքը, թե Ռուսաստանն իբր ռազմական տեխնիկա է մատակարարում Ադրբեջանին և էապես բարձրացնում է գազի գինը Հայաստանի համար` Հայաստանի և Եվրամիության միջև ասոցացման շուրջ պայմանագրի ստորագրմանը խոչընդոտելու համար, իրականությունը չի արտացոլում: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել հունգարացի գիտնական, քաղաքագիտության պրոֆեսոր Լասլո Քեմենին:
Սակայն, նրա ասելով, ռազմական տեխնիկայի մատակարարումն Ադրբեջանին և գազի գնի բարձրացումը Հայաստանի համար տնտեսական շահի հարցեր են: ՙՌուսները հիանալի հասկանում են, որ չի կարելի զինված դիմակայություն թույլ տալ Հարավային Կովկասում: Գոյություն ունի նաև ՙՀայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին՚ 1997 թվականի համաձայնագիրը, որում կողմերը պարտավորվում են համատեղ իրենց համար ընդունելի միջոցներ ձեռնարկել` իրենց դեմ ուղղված սպառնալիքները կանխարգելելու համար՚, - նշել է փորձագետը, ընդսմին ավելացնելով, որ սպառազինության նոր խմբաքանակի ներթափանցումը հակամարտության տարածաշրջան մեծացնում է լարվածությունը:
Սակայն, այդուհանդերձ, Քեմենիի ասելով, ԵՄ հետ Հայաստանի պայմանագրի ճակատագիրն այդ հանգամանքներից չի կախված: ՙԱռավել ևս, որ ԵՄ ՙԱրևելյան գործընկերության՚ շրջանակում նույնպիսի պայմանագրեր է նախապատրաստում թե Ադրբեջանի, թե Ուկրաինայի, թե Վրաստանի, թե Մոլդովայի հետ: Հայերն իրենք պետք է որոշեն իրենց փոխհարաբերությունները նոր գլոբալ-ինտեգրման համաշխարհային և աշխարհաքաղաքական կարգում՚, - ամփոփել է փորձագետը:
Նշենք, որ Հայաստանի և ԵՄ միջև ասոցացման շուրջ պայմանագրի նախաստորագրումն սպասվում է առաջիկա նոյեմբերին Վիլնյուսում: