Մայիսի 21-ին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մտադիր են
դարձյալ բողոքի ակցիաներ կազմակերպել`
պահանջելու
աշխատավարձի գծով պարտքերի վճարում: Ակցիաները նախաձեռնել է
«Կամք» շարժումը, որի հիմնադիր Արտաշես Ավետիսյանը բոլորին կոչ է արել միանալ «Նաիրիտի»
աշխատակիցների արդար պահանջին: Նա նշել է, որ բողոքավորները պահանջում են իրական
քայլեր գործարանի աշխատակիցներին աշխատանքով ապահովելու հարցում և ուշացած
աշխատավարձերի վճարում: «Մեզ պետք չեն իշխանությունների սուտ խոստումները, քանի որ
դատարկ խոստումներով ընտանիք չես կերակրի: Ամեն ինչ գործով ապացուցեք», - նշել է
Ավետիսյանը:
Հիշեցնենք,
որ 2014 թվականի փետրվարի 12-ին այժմ արդեն նախկին էներգետիկայի և բնական
պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը «Նաիրիտի» աշխատակիցներին խոստացել էր, որ
ձեռնարկության ճակատագիրը կորոշվի «Ռոսնեֆտի» մասնակցության շնորհիվ, որը,
ԱրմԻնֆո-ի տվյալներով, ցանկույթուն էր հայտնել կաուչուկի նոր գործարան կառուցել
Հայաստանում, այլ ոչ թե արդիանականացնել գործողը, և մարել դրա պարտքերը: Չի
բացառվում, որ «Նաիրիտի» մասնագետների մի մասը կաշխատի նոր գործարանում: Հիշեցնենք
նաև, որ «Նաիրիտ» գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited-ի
հիմնական միջոցները վրակի դիմաց գրավ էին դրվել Միջպետական բանկում և անցել բանկի
սեփականությանը` վարկը չմարելու հետևանքով: 70 մլն դոլար վարկը տրամադրվել էր 2006
թվականին` 5 տարի ժամկետով: Գործարանի ընթացիկ պարտքը գերազանցում է 130 մլն
դոլարը: