Երևանի բնակիչներն Ավագանու խորհրդի ընտրություններում անպայման հաշվի կառնեն Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացնող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակման և անգործունակ կառավարության պահպանման փաստը, ապրիլի 23-ին մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունից ԱԺ պատգամավոր, կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը`պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Պատգամավորն անիրատեսական է համարում կոռուպցիայի և այլ արատավոր երևույթների դեմ պայքարը նման կառավարության օգնությամբ, որի անդամներին նախագահ Սերժ Սարգսյանը դեռ մի քանի ամիս առաջ այդքան խստորան քննադատում էր: ՙԵրբ նախագահն անցած տարի քննադատության ենթարկեց կառավարությանը բազմաթիվ ՙատկատների՚ համար, ես անկեղծորեն ուրախացա`հուսալով, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը, վերջապես, որոշել է կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկել: Բայց կառավարությունը նախկին կազմով թողնելու որոշումն ի չիք դարձրեցին արմատական բարեփոխումների հույսերը: ՙԲարգավաճ Հայաստանը՚ բազմիցս իր դիրքորոշումն է հայտնել ներկայիս կառավարության առնչությամբ, և այն անփոփոխ է մնում՚,- ընդգծել է Ուրիխանյանը: