Հասարակական տրանսպորտով երթևեկության ինքնարժեքը չի գերազանցում 80 դրամը, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙԻրազեկ ու պաշտպանված սպառող՚ ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքով, այդ մասին են վկայում ՙԻրազեկ ու պաշտպանված սպառող՚ ՀԿ իրականացրած ուսումնասիրությունները: Ինչպես նշվել է, որ Երևանի քաղաքապետարանը, հիմնավորելով ուղեվարձը 50 դրամով բարձրացնելու վերաբերյալ որոշումը, մոլորության մեջ է գցում սպառողներին սխալ տեղեկատվությամբ: Օրինակ`քաղաքապետարանը նշում է, որ միկրոավտոբուսների համար ամենօրյա կտրվածքով ուղևորների քանակը սահմանված է 195 մակարդակի վրա, իսկ ամսական կտրվածքով`5850: Այս հաշվարկներն արվել են`ելնելով 36 կմ ուղեգծից: Սակայն, եթե ուշադիր ուսումնասիրենք այս թվերը, ստացվում է, որ 18 կմ ճանապարհահատվածում /օրինակ`Ավանից մինչև Էրեբունի/, տեղափոխվում է ընդամենը 15 մարդ`չնայած իրականում, ինչպես նշել է Պիպոյանը, խոսքը վերաբերում է առնվազն 25-30 ուղևորին: Այսպիսով` ամսական կտրվածքով ուղևորների քանակը կազմում է ոչ թե 5850, այլ` 9750:
Փորձագետն ուշադրությունը հրավիրել է նաև քաղաքապետարանի`սակագների բարձրացումն արդարացնող այլ հայտարարությունների վրա: Օրինակ`ասվում է, որ ավտոբուսների ամորտիզացիայի համար ծախսերը սահմանված են 316600 դրամ մակարդակի վրա, սակայն, Պիպոյանի խոսքով, այդ ծախսերի մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ ավտոբուսները որպես նվեր են ստացվել: Քննադատության է ենթարկվել նաև այն հայտարարությունը, թե տրանսպպորտի պահեստամասերի և ընթացիկ վերանորոգման համար սահմանված 65 հազար: Եվ թեև, ինչպես հավաստվում է պաշտոնապես, դա թույլ է տալիս լավ վիճակում պահել մկիրոավտոբուսները, Պիպոյանը նշել է, որ իրականում տրանսպորտային միջոցները հիմնականում գտնվում են անբավարար վիճակում:
ՙԻրազեկ ու պաշտպանված սպառող՚ ՀԿ ուսումնասիրությունների համաձայն, իրականում տարեկան 10 ամիս /եթե հանենք արձակուրդների ամառային շրջանը/ հասարակական տրանսպորտը գերշահույթ է բերում: Այսպիսով, հուլիսի 20-ից սակագների`մինչև 150 դրամ թանկացումն անհիմն է:Ինչպես նշվել է, ունենալով այս հարցի առնչությամբ փորձագիտական գնահատականներ` լիովին հնարավոր է դատարանում վիճարկել հիշյալ որոշումը:
Ակտիվիստ Լուսինե Մնացականյանն իր հերթին հասարակությանը կոչ է արել անտեսել սակագների բարձրացման վերաբերյալ որոշումը և երթևեկության համար վճարել նախկին 100 դրամը: Նրա խոսքով, իր համախոհները հասարակ թղթից 50-անոց թղթադրամներ են պատրաստել և առավոտից 100 դրամի հետ միասին վճարել հասարակական տրանսպորտում:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ: Որպես անհամաձայնության նշան`ակցիայի մասնակիցները 50-դրամանոց մետաղադրամներ են նետել քաղաքապետարանի կենտրոնական մուտքի ուղղությամբ: