«Անելիք Բանկ» ՓԲԸ ավանդային պորտֆելը սույն թվականի մարտի 1-ի դրությամբ կազմում է ավելի քան 33.1 մլրդ ՀՀ դրամ, որը 28.8%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես
ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելն անցած տարվա համեմատ ավելացել է 14.8%-ով` կազմելով շուրջ 27 մլրդ ՀՀ դրամ:
2014 թվականի հունվարից ներդնելով նոր «Դրամային» ավանդատեսակը, որն ավանդատուներին հնարավորություն է տալիս ստանալ մինչև 14,5% տարեկան կայուն եկամուտ, Բանկը հունվար-մարտ ամիսներին գրանցել է աճ հատկապես ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելում` շուրջ 1.4 մլրդ ՀՀ դրամ: Տվյալ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 56.6%-ով, որը վկայում է ավանդատուների կողմից Բանկի հանդեպ ունեցած վստահության ավելացման մասին:
««Անելիք Բանկ» ՓԲԸ մշտապես կարևորել է համագործակցությունը հաճախորդների հետ նաև ավանդային պրոդուկտների մասով, իսկ մեր գրանցած արդյունքներն ապացուցում են, որ Բանկը վայելում է նրանց վստահությունը: Մեզ ուրախացնում է հատկապես ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելի դինամիկ աճը, որը ես գնահատում եմ որպես տարիների ընթացքում կատարված հետևողական աշխատանքի արդյունք», - նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:
Հիշեցնենք,
որ «Անելիք Բանկ» ՓԲԸ միանձնյա սեփականատերը
լիբանանյան Credit Bank S.A.L. է, որը 2013 թվականի չորրորդ եռամսյակում իր
բաժնեմասն ավելացրել է 89,95%-ից մինչև 100%. Բանկն աշխատում է դրամական փոխանցումների Anelik, MoneyGram և
Intel Express համակարգերի հետ: Բանկն ունի 12 մասնաճյուղ` 6-ական Երևանում և
մարզերում: 2014 թվականի հունվարի 1-ի
դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 13.1 մլրդ դրամ, ակտիվները` 60 մլրդ
դրամ, վարկային ներրդումները` 38.8 մլրդ դրամ, պարտավորությունները` 47 մլրդ դրամ,
ժամկետային ավանդները` 26.2 մլրդ դրամ: Բանկի ժամկետային ավանդների կառուցվածքում 95%-ից
ավելին կազմում են ֆիզիկական անձանց միջոցները, որոնց ծավալը 2013 թվականին
ավելացել է 13%-ով: